ՊԵԿ-ում կներդրվի վարձատրության նոր համակարգ՝ հիմնված կատարողականի գնահատականի վրա. նախագիծ
 |1lurer.am|
18:49 - 11 հունվարի, 2024

ՊԵԿ-ում կներդրվի վարձատրության նոր համակարգ՝ հիմնված կատարողականի գնահատականի վրա. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Քանի որ Հայաստանում երկար ժամանակ քննարկվում է արդար աշխատավարձի բաշխման սկզբունքը, մենք փորձ ենք անում ներդնել նոր համակարգ, որտեղ վարձատրությունը հիմնված է լինելու կատարողականի գնահատականի վրա: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները: «Ցանկանում ենք, որ հարկային և մաքսային ծառայողները լինեն մասնագիտական հմտություններ ունեցող: Դրա համար կարևոր է, թե նրանք ինչ վերապատրաստումներ են անցել և դրանց արդյունքում ինչ որակավորումներ ունեն: Հարկային և մաքսային ծառայությունների դեպքում գիտեք, որ հարկային և մաքսային մարմինները մասնակցում են մի շարք միջազգային կառույցների իրականացրած դասընթացներին: Ակնկալում ենք, որ այդ դասընթացներից առավել կարևորները կսահմանվեն Կառավարության ցանկով, և այդ ծրագրերին հաջողությամբ մասնակցելը և հավաստագիր ունենալը կազդի հարկային և մաքսային ծառայողների վարձատրության վրա»,- հավելել է Ռուստամ Բադասյանը: Նշվել է նաև, որ կատարողականի գնահատման երկրորդ բաղադրիչը լինելու է աշխատողի աշխատանքի արդյունավետությունը: 

Նախագծի նպատակը ՀՀ ՊԵԿ-ում կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ ներդնելն է? հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը:

ՊԵԿ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է բողոքարկման հնարավորությամբ. եթե հարկային կամ մաքսային ծառայողը համաձայն չլինի կայացված որոշման հետ` հավելավճար տա՞լ, թե՞ ոչ: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ բողոքարկման հստակ մեխանիզմ չկա և նպատակահարմար էլ չէ` հաշվի առնելով աշխատակիցների թիվը: Նրա խոսքով լինելու են ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերություններ: «Հնարավորինս կրճատվելու են հայեցողական մոտեցումները»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվել է` այլ երկրներում վերապատրաստվելու հավասար հնարավորություն ունեն բոլո՞ր հարկային և մաքսային ծառայողները, ինչին ի պատասխան` Ռուստամ Բադասյանը պարզաբանել է` նման հնարավորություն ունեն բոլոր աշխատակիցները, բացառությամբ այն ծառայողների, որոնք չեն տիրապետում պահանջվող օտար լեզվին, մասնավորապես` անգլերենին: Նման դասընթացներ կազմակերպում է Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, որը պարբերաբար մասնակցության քվոտաներ տալիս է նաև ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկված նախագիծը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

«Սա լավ պետական ծառայողին ավելի լավ սոցիալական երաշխիքներ ապահովելուն ուղղված նախագիծ է, որը կարող է զգալի նշանակություն ունենալ պետական ծառայության համակարգն ավելի գրավիչ դարձնելու հարցում»,- քննարկման ավարտին ընդգծել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել