Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին։
«Մենք, քանի որ հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունն ընդունելուն, ասում ենք՝ օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, որտեղ պարզվի՝ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որոնց Ադրբեջանին են պատկանում, ՀՀ-ն դուրս կգա, որտեղ պարզվի՝ Ադրբեջանը, իրենք պետք է դուրս գան։ Սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց համաձայնեցված քարտեզի․ ինչպե՞ս որոշենք՝ սա ՀՀ տարածքն է, թե՞ Ադրբեջանի․ պետք է սեղանին դնել Ալմաթիի հռչակագրի դրույթները դե յուրե արտահայտող քարտեզներ և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին», - ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ կակառակը նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որը անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանական ութ գյուղերի հարցը, որոնք դեռևս «հայկական օկուպացիայի տակ են», մշտապես ուշադրության կենտրոնում են։
comment.count (0)