ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ
21:17 - 17 հունվարի, 2024

ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 17-ին չհայտարարված այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց առողջական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին:

«Հիմնարկում գտնվող անձինք բարձրաձայնել են խնդիրներ` կապված հիմնականում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, պատշաճ բժշկական օգնություն ստանալու և քրեակատարողական հիմնարկներ նրանց տեղաբաշխելու գործընթացի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի ներկայացուցիչները զրույցներ են ունեցել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ղեկավար կազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Նշվում է, որ չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել