Հետախուզվող Մայրապետյանի ընկերությունը նոր շենք է կառուցում Երևանի կենտրոնում |civilnet.am|
12:29 - 23 հունվարի, 2024

Հետախուզվող Մայրապետյանի ընկերությունը նոր շենք է կառուցում Երևանի կենտրոնում |civilnet.am|

civilnet.am: Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանը, որը այս պահին գտնվում է հետախուզման մեջ՝ քրեական գործերով, Երևանի կենտրոնում՝ Հին Երևանցի փողոցում, 216 քմ տարածքում բարձրահարկ շենք է կառուցում։

Շենքը պետք է կառուցվի Հին Երևանցի փողոց 3/2 հասցեում։ Պատվիրատուն «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊՆ-ն է ու Կարինե Կարապետյանը։ «Լոկալ Դիվելոփըրզ»-ի 50 տոկոսը 2002-ից պատկանում է Սամվել Մայրապետյանին, մնացած մասը՝ կնոջը՝ Գոհար Քյալյանին։ Այս տարածքը 2014-ին է գրանցվել ընկերության ու Կարինե Կարապետյանի անունով։

Թեև շինարարական թույլտվությունը առկա չէ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնում, սակայն մենք ստացանք այդ փաստաթուղթը։

Ըստ այդմ՝ շինարարության թույլտվությունը տրվել է 2023-ի հուլիսի 6-ին։ Նախատեսվում է կառուցել հասարակական նշանակության կառույց։ Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն շինթույլտվության տրամադրման օրվանից 24 ամսվա ընթացքում։ Թույլտվության տակ ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, իսկ նախագծման թույլտվության տակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մարությանը թույլտվությունը տվել է 2021-ի դեկտեմբերի 7-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկում էր նրան անվստահություն հայտնելու հարցը, ինչն էլ արեց նույն ամսվա 22-ին։

Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Լոկալ Դիվելոփըրզ»-ի սեփականատերերի բաժնեմասերի ու գույքերի վրա կալանքներ և արգելանքներ են դրվել։ Օրինակ՝ 2022-ի նոյեմբերին 17 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել Մայրապետյանի ու կնոջը պատկանող բաժնեմասերի վրա։ Սա, սակայն, արգելանքների ու կալանքների ամբողջական պատկերը չէ։

Սամվել Մայրապետյանը հետախուզման մեջ է գտնվում։ Նա մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար։ 2018-ի հոկտեմբերի նրան ձերբակալեցին, այնուհետև կալանավորեցին։ Մեկ այլ գործարար՝ Սիլվա Համբարձումյանը, հայտարարել է, որ այդ գումարը տվել է Մայրապետյանին երկրի ղեկավարությանը՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Արմեն Գևորգյանին փոխանցելու համար։ 2018-ի հոկտեմբերից մինչ 2019-ի դեկտեմբեր Մայրապետյանը գտնվում էր կալանքի տակ։ Հետագայում գրավով ազատ արձակվեց, և ՀՔԾ-ն թույլ էր տվել գործարարին երկրից դուրս գալ ու բուժում ստանալ Գերմանիայում։ 2020-ի մարտի 3-ին պարզվեց, որ Մայրապետյանը խուսափել է ներկայանալ ՀՔԾ։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, խափանման միջոց է ընտրվել կալանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել