azatutyun.am: Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Գլխավոր դատախազությանն ուղղված հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։
Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։
Փարիզի վկայակոչած ու 1957 թվականին ընդունված կոնվենցիայում իրավական ձևակերպումներից բացի կա նաև քաղաքական մաս։ 3-րդ հոդվածում ասվում է՝ հանձնում չի իրականացվում, եթե արտահանձնող կողմը հանցագործությունը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող: Կամ էլ՝ եթե կողմն ունի բավարար հիմքեր՝ համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով։
Հանրապետականի իշխանության տարիներին Սյունիքի մարզպետը հետախուզվում է դեռ 2019-ից։ Հայաստանում նրան մեղադրում են պաշտոնական կեղծիքի, վատնման ու լիազորություններն անցնելու համար։ Դեռ 2020-ին tert.am-ի հետ զրույցում հետախուզվող Սուրիկ Խաչատրյանը պնդել էր, թե անօրինականություններ թույլ չի տվել, ասել, որ բուժում է անցնում արտերկրում, ինչից հետո կվերադառնա Հայաստան։
Եթե Ֆրանսիան մերժել է Խաչատրյանին հանձնել Երևանին, ապա դեռ 2020-ից հետախուզվող գործարար Սամվել Մայրապետյանի դեպքում հարցը Գերմանիայի դատական իշխանություններին չի հասել։ Ըստ դատախազության, գործարարի նկատմամբ հետախուզմանն ընթացք չի տվել Գերմանիայի ինտերպոլի ազգային բյուրոն։ Թե ինչու՝ պատճառները դատախազությունը չի նշել։
Մայրապետյանին Հայաստանում մեղադրում են նախագահ Քոչարյանին 3 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու և փողերի լվացման համար։ 2018-ի տարեվերջին կալանքից 30 միլիոն գրավով ազատ արձակված Մայրապետյանը մեկ ամիս անց մեկնել էր Գերմանիա՝ բուժման ու մինչ օրս չի վերադարձել։ Նա ևս մեղադրանքը չի ընդունում։
comment.count (0)