Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ու բնակարանային խնդիրները
22:02 - 31 հունվարի, 2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ու բնակարանային խնդիրները

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ:  112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու: «Ավելի ուշ սահմանեցինք կեցության և կոմունալ ծախսերի աջակցության ծրագիրը, որով, ով բնակարան ուներ՝ 10 հազար դրամի չափով էինք աջակցում, ով բնակարան չուներ՝ 40+10: Այս աջակցությունը 6 ամիսների համար է, որոնցից արդեն 3 ամիսներն անցել են: Սա կշարունակվի մինչև մարտ ամիսը ներառյալ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4 հազար ուսանողի համար միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր: Այս թիվն առաջիկայում կավելանա:

«Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաև խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ՝ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաև պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից: Ունենք 20 հազար 656 դիմումներ կենսաթոշակառուների կամ նպաստառուների վերաբերյալ, 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են: Հիշեցնեմ, որ վճարումները կատարել ենք հոկտեմբերից հաջորդող բոլոր ամիսների համար, ուղղակի, քանի որ դիմումները կառուցված են նաև հաշվառվելու մոտեցման վրա՝ պետք է անձը հաշվառվի և դիմում ներկայացնի: Սա պրոցես է, որը կշարունակվի մինչև բոլորի ամբողջական ներառումը համակարգում: Ունենք նաև 2408 դիմումատուներ, ովքեր նպաստների համար են դիմել, նրանցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են:

Զբաղվածության մասում 212 ուսուցիչներ մեր աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում: Ընդհանուր առմամբ, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, և հնարավորություն ենք տվել, որպեսզի իրավաբանական անձինք իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար մինչև այսօր վերագրանցվեն և կարողանան սահուն կերպով շարունակել տնտեսական գործունեությունը»,- ասել է փոխվարչապետը: Նշվել է նաև, որ, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել աջակցության հնարավոր գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է սոցիալական ծրագրերի ներդաշնակեցումը և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել քննարկումները ներկայացված գաղափարների ու առաջարկությունների շուրջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել