Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունեց ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև
19:51 - 17 դեկտեմբերի, 2024

Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունեց ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև

civilnet.am: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար։

Բանաձևը պետք է ներկայացվի խորհրդարանի վերին պալատին` Նահանգների խորհրդին, և նրա կողմից ընդունվելու դեպքում այն օրենքի ուժ ստանա:

Բանաձևի հեղինակները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։

«Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք միջնորդ միջազգային հակամարտություններում: Ազգային խորհուրդը 2024-ի հունիսին Բյուրգենստոկում հյուրընկալեց Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանսը։ Շվեյցարիան նաև արժեքավոր ծառայություններ է մատուցել Հայաստանին. 2009-ի հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք ուղղված էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է բանաձևում։

Խորհրդարանականները կարծում են, որ Շվեյցարիայի տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ էներգետիկ սերտ համագործակցությունը․ «Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը»։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը հանգեցրեց երկրամասի ողջ հայ բնակչության էթնիկ զտմանը։

2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» և կանխել ապագա տեղահանումները բռնի կամ ահաբեկման միջոցով։ Եվրախորհրդարանը 2024-ի մարտի 12-ին բանաձև ընդունեց, որով կոչ է անում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսության գնալ Ղարաբաղի հայերի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել