ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
09:53 - 05 փետրվարի, 2024

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց․ այդ օգնության շնորհիվ, ԼՂ-ից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է հունվարի 31-ին՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած միջոցառմամբ, որի ընթացքում բռնի տեղահանված անձինք ստացել են սնունդ և հիգիենայի պարագաներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդի և «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդի հետ մասնակցել է միջոցառմանը։

Աննա Ժամակոչյանն այցի ընթացքում ընդգծել է․

«Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները 2023–ի սեպտեմբերին հաշված օրերի ընթացքում բռնի տեղահանվելով հայտնվեցին իրենց կյանքն ու գործունեությունը վերսկսելու մարտահրավերի առաջ։ Հայաստանի կառավարությունը և բազմաթիվ անհատներ աջակցեցին նրանց առաջնային կեցության և ապրուստի միջոցներ հոգալու հարցում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները շարունակում են պետական դրամական աջակցություն ստանալ նաև ձմեռվա ամիսներին։ Բոլոր այս պետական ծրագրերում մեր կողքին մեր տեղական և միջազգային գործընկերներն են, ինչը կարևոր է, քանի որ բռնի տեղահանված ընտանիքին ժամանակ է պետք իր ինքնաբավ կեցությունը վերագտնելու համար»։

«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ:

Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023թ-ի դեկտեմբերին և կտևի 6 ամիս։ Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը։

«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին։ Այս միջոցներն օգտագործվում են տրամադրելու ամեն ինչ՝ ներառյալ սնունդ և հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու տեղահանված անձանց հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ։

Աջակցության տրամադրումն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են «Առաքելություն Հայաստան», Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպությունները։

«Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդն իր ելույթում նշել է․ «Տեղահանված անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի 10 թիրախային խմբերից մեկն են։ Մեր նպատակն է՝ նրանց ապահովել անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ և բարելավված սոցիալական պաշտպանությամբ։

Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանված անձանց կարիքները հոգալու համար՝ ծրագիրը գործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև տրամադրում է անմիջական առաջնային օգնություն»։

Միջոցառման մասնակիցները հետևել են մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցել շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել