Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ինֆոքոմի» հետաքննությանը՝ ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքների թեմայով։ Վարչապետը, մասնավորապես, նշեց, որ տեսել է հրապարակումը, կուսակցության ներսում քննարկում են այն և մտադիր են «պարզաբանել, թե հասկանալ՝ ինչի մասին է խոսքը կամ ինչը ինչի համար է տեղի ունեցել»։
Արձագանքելով պատասխանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել կուսակցության ֆինանսական թափանցիկությունը. «Հիմա Դուք վարչապետի պաշտոնում եք, շատ ավելի մեծ գումարների դեպքում, բյուջեի դեպքում ի՞նչ վստահություն քաղաքացին պետք է ունենա, որ կարողանալու եք ապահովել»։
Փաշինյանը պատասխանեց. «Բա որ թափանցիկություն չենք ապահովել, այդքան բան Դուք որտեղի՞ց գիտեք։ Հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտեն։ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից վերցրած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություններ են։ Բա թափանցիկությունը պոզով-պոչո՞վ ա լինում»։
Դահլիճից Փաշինյանին հուշեցին, որ տեղեկությունը ոչ թե պետական մարմինների պաշտոնական կայքերից է վերցված, այլ իրենք են տրամադրել՝ ի պատասխան «Ինֆոքոմի» հարցմանը։ Փաշինյանը նշեց, որ նույնիսկ առանց իրենց պատասխանի էլ «Ազդարար» կայքում այդ տեղեկությունները հրապարակվում են. «Այսինքն՝ օրենսդրության բոլոր մեխանիզմները կան։ Ասում եք՝ դուք չեք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Որ մենք չկարողանայինք ապահովել թափանցիկությունը, դուք այդ մասին գաղափար նույնիսկ չէիք ունենա։ Եթե դուք դրա մասին գիտեք, նշանակում է թափանցիկությունը լիարժեք ապահովված է։ Ուրիշ բան՝ հիմա այդ թափանցիկությունը ուսումնասիրելիս ինչ եզրակացությունների կհանգենք։ Ձեր հարցը և բերած լրացուցիչ փաստերը ուղիղ ապացույցն են նրա, որ մենք ապահովել ենք թափանցիկությունը»։
Քանի որ Հայաստանի վարչապետը ԱԺ ամբիոնից լրագրողական աշխատանքը վերագրում է «իրենց» թափանցիկ գործելակերպին, ստիպված ենք կրկին հիշեցնել, որ ՔՊ նվիրատուների ցանկը կուսակցությունը «Ինֆոքոմին» տրամադրել է ընտրություններից շուրջ 5 ամիս անց՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ ՔՊ-ի դեմ ներկայացված դատական հայցից հետո։
Փաստերը համադրելու համար ներկայացնենք մի փոքր նախապատմություն, թե ինչ խոչընդոտներ ենք հաղթահարել՝ ՔՊ կուսակցությունից նվիրատուների ցանկը ստանալու համար։ 2023 թվականի հուլիսի 31-ին կայացած ՔՊ դրամահավաքից օրեր անց՝ օգոստոսի 9-ին, «Ինֆոքոմը» հարցում է ուղարկել կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել նվիրատուների ցանկը։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։
Ընտրություններից մոտ 5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցությունն ի վերջո տրամադրեց նվիրատուների անուն-ազգանունները։ Անհրաժեշտ տեղեկությունը, սակայն, հաջողվեց ստանալ դատական հայց ներկայացնելուց հետո միայն։
Վարչապետը չի սխալվում. օրենսդրական մեխանիզմներ կան, սակայն ոչ թե թափանցիկությունն ապահովելու, այլ հակառակը, նվիրատվության աղբյուրները քողարկելու համար։
«Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ Փաշինյանի մեջբերած «Ազդարարում» կուսակցությունների տարեկան հաշվետվությունները հրապարակվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ը։ Այսինքն, եթե չլիներ լրատվամիջոցների ու մեդիա կազմակերպությունների դատական հայցը, հանրությունը մինչ օրս էլ տեղյակ չէր լինի, թե ովքեր են ՔՊ նվիրատուները։ Հետևապես Նիկոլ Փաշինյանի թափանցիկության վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Ավելին, անկախ հանրային վերահսկողությունից` նույնիսկ լիարժեք ձևավորված չեն կուսակցությունների նախընտրական ֆինանսների պետական վերահսկողական մեխանիզմները։ Այդ մասին «Ինֆոքոմը» գրել է առանձին հրապարակմամբ, որը իշխանությունը կարող է ընդունել ի գիտություն՝ մինչև կայացած պետական վերահսկողական մարմինների վերաբերյալ հայտարարություններ անելը։
comment.count (0)