civilnet.am: Փետրվարի 16-ին շրջանառվեց տեղեկություն, թե Իրանը, անվտանգության նկատառումներից ելնելով, պատրաստվում է փակել ցամաքային սահմանները իր հարևան երկրների հետ։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է իրանական լրատվամիջոցները և պարզել, որ խոսքը Հայաստանի հետ սահմանին չի վերաբերում։
Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին երկրի ցամաքային սահմանները փակելու մասին հայտարարել է փետրվարի 16-ին Իրան-Աֆղանստան սահման կատարած այցի ընթացքում։
Հեյդարին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ սահմանային գոտու փակումը համարում է «երկրի կարևորագույն ազգային ծրագրերից մեկը», և որ 74 կիլոմետր երկարությամբ երկրի հյուսիսարևելյան սահմանների արգելափակակումը կիրականցվի ինժեներական զորքերի կողմից։
Ցամաքային զորքերի հրամանատարը նշել է, որ Իրանին սահմանակից բոլոր երկրները հարգում են իրենց բարիդրացիական հարաբերությունները, և որ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել որևէ երկրից տարածքներ զավթել։
«Կայուն խաղաղության ապահովումը խնդիր է, որն ընկած է զինված ուժերի ուսերին և այդ կայուն խաղաղությունը երբեմն իրականացվում է դրոններով և տեսանկարահանող սարքերով, իսկ երբեմն էլ՝ ֆիզիկական ներկայությամբ սահմաններն արգելափակելով»,- հայտարարել է Հեյդարին և հավելել, որ ուրիշները Իրանին չեն կարող թելադրել, թե ինչ պետք է անեն իրենց սահմաններին։
comment.count (0)