civilnet.am: Իրանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշմանը։ Հաջորդ փուլում օրինագիծը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։
Ըստ պաշտոնական Թեհրանի, այս որոշման պատճառը ՄԱԳԱՏԷ-ի «քաղաքականացված դիրքորոշումն» ու «ոչ պրոֆեսիոնալ վարքիծն» է:
Իրանի խորհրդարանի որոշումը հաջորդել է ԱՄՆ-ի հարվածներին Իրանի մի քանի ատոմային օբյեկտների վրա, որոնք իրականացվել էին միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ, հայտնում է Mehr գործակալությունը։
Հունիսի 13-ին Իսրայելն անակնկալ հարվածներ հասցրեց Իրանի մի շարք օբյեկտների, ինչը Իսրայելի պաշտոնյաները պատճառաբանում էին նրանով, որ, ըստ իրենց, կանխում էին Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու «մոտալուտ սպառնալիքը»։ Ի պատասխան Իրանն էլ սկսեց Իսրայելին հարվածել:
Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։
Հունիսի 24-ին Իրանն ու Իսրայելը դադարեցրել են հարձակումները:
comment.count (0)