ՍԴ դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանի թեկնածությանը կողմ է քվեարկել Դատավորների ընդհանուր ժողովի 158 դատավոր
 |1lurer.am|
13:06 - 28 փետրվարի, 2024

ՍԴ դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանի թեկնածությանը կողմ է քվեարկել Դատավորների ընդհանուր ժողովի 158 դատավոր |1lurer.am|

1lurer.am: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:

Նախքան Ազգային ժողովում նրա թեկնածությունը ներկայացնելը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը պարզաբանեց, թե ինչպես է առաջադրվել Բալայանի թեկնածությունը:

2024 թվական հունվարի 4-ին դադարել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները, և ՍԴ նախագահը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար: Թեկնածուի ընտրության նպատակով փետրվարի 2-ին հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցել են ՀՀ-ում գործող 314 դատավորներից 283-ը:

Կարգի համաձայն՝ ՍԴ դատավորի թեկնածու կարող է ինքնառաջադրվել, նաև առաջադրվել այլ դատավորի կողմից: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի կողմ ձայները:

Որպես ՍԴ թեկնածու՝ ինքնաառաջադրման եղանակով իրենց թեկնածություններն են առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քերական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը և վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը:

«Ընտրությունն իրականացվել է գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել է 100 դատավոր, Դավիթ Բալայանի թեկնածությանը՝ 158 դատավոր, իսկ Արմեն Ներսիսյանի թեկնածությանը՝ 12 դատավոր: Արդյունքում Դատավորների ընդհանուր ժողով կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Կիմի Բալայանը»,- ասաց Լիլիթ Թադևոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել