Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Արդարադատության նախարարն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ ՍԴ որոշմանը |armenpress.am|

Արդարադատության նախարարն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վերաբերյալ ՍԴ որոշմանը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը։ Լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտեց, որ ՍԴ որոշմամբ կանխատեսվում է, որ գործերի շրջանակները շատ չեն սահմանափակվի:  «Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձին, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար: Այսինքն՝ պաշտոնատար անձանց պարագայում հանցագործության կատարման և գույքի ապօրինի ծագման միջև կապի առկայությունը սահմանափակված չի լինելու»,– պարզաբանեց նա: Ըստ Գալյանի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձանց պարագայում է, որ պետք է լինի ապօրինի գույքի և կոնկրետ հանցագործության միջև ուղղակի կամ անուղղակի կապ: Նա նաև ընդգծեց, որ մանիպուլատիվ փորձեր են արվում ապօրինի գույքի բռնագանձման գործերի մեկնաբանության ժամանակ՝ առանց հաշվի առնելու անձի կարգավիճակը։ «Եթե Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանվի այնպես, ինչպես գրված է, ապա գործերի շրջանակների էական սահմանափակում չի լինի: Սակայն կարիք կլինի, որպեսզի արդեն իսկ ներկայացված հայցադիմումները վերանայվեն և տեղի ունենա վերահաշվարկ՝ առավել ճշգրիտ և հիմնավորված ընթացակարգ ապահովելու համար»,– ասաց արդարադատության նախարարը։ Սահմանադրական դատարանը ավելի քան երկու տարի քննել էր՝ արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։ ՍԴ-ն վերջերս կայացրած որոշմամբ սահմանադրական ճանաչեց ընդդիմադիրների կողմից վիճարկված օրենքը, որով դատախազությունը կարող է ապօրինի ճանաչված գույքի բռնագանձման պահանջով դիմել դատարան՝ ի նպաստ պետության։ Միաժամանակ, բարձր դատարանը երկու կարևոր մեկնաբանություն է տվել օրենքի 5-րդ և 24-րդ հոդվածների վերաբերյալ՝ հստակեցնելով, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնատար անձը ձեռք է բերել պաշտոնի ստանձնումից հետո, ինչպես նաև այն գույքը, որը կապ ունի հանցավոր գործունեության հետ։ Մնացած բոլոր դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխան։   Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1218379
17:49 - 28 ապրիլի, 2025
ՍԴ-ն հրապարակել է ապօրինի ծագումով գույքի բռնագանձման օրենքի մասին որոշման ամբողջական տեքստը

ՍԴ-ն հրապարակել է ապօրինի ծագումով գույքի բռնագանձման օրենքի մասին որոշման ամբողջական տեքստը

ՀՀ Սահմանադրական դատարակը հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը։ Որոշման տեքստը բաղկացած է 101 էջից։ Որոշման եզրափակող դրույթներում ասվում է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելու պահից հետո։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը։ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Ընդդիմության դիմումի հիման «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը» երկու տարուց ավելի վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Բարձր դատարանը չի պարզաբանում, թե իր քննության ընթացքում ինչու չի կասեցրել օրենքի կիրառումը: Մինչև օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն դոլար։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև՝ 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:
13:06 - 22 ապրիլի, 2025
Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ
 |azatutyun.am|

Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը  տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակեց սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում: «Մեր Սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր և կընդունվեր հանրաքվեի միջոցով, կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը եթե նկատեր, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովը, մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ ևս աշխատել են մեր Սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում՝ նրանք նկատեին էդպիսի պահանջ՝ որևէ երկրի տարածքային ամբողջական[ության դեմ], դա չբարձրաձայնեին», - ասաց Դիլանյանը: Սահմանադրական դատարանի նախագահը շեշտեց՝ միջազգային իրավունքն է պարտադրում պետություններին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը. - «Չի կարող պետությունը վերցնել և որոշել, որ ինքն ունենալու է այնպիսի իրավական փաստաթուղթ, որում ուղիղ ոտնձգություն է իրականացնելու, իսկ դա հավասար է ուղիղ ոտնձգության, նույնիսկ եթե էդպիսի պահանջ դու ձևակերպում ես, այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, դա միջազգային իրավակարգին հակասող կարգավորում կլինի: Եվ ես համոզված եմ, որ մեր Սահմանադրությունն էլ չունի այդպիսին»: Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա: Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը որոշում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, վճռել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Այսօր Բարձր դատարանի նախագահն ընդգծեց՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ. - «Նախաբանում կատարած հղումը ինքն ամբողջ ծավալով հռչակագրին կատարած հղում չէ, նախաբանից դեպի հռչակագիր գնացող հղումը ինքը էնպիսի հղում չէր, որ մենք ասեինք՝ հռչակագիրը ամբողջությամբ տեղափոխվեց և դարձավ Սահմանադրության մաս»: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
16:49 - 21 ապրիլի, 2025
ՍԴ-ն «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը ճանաչել է երկրի մայր օրենքին համապատասխան

ՍԴ-ն «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը ճանաչել է երկրի մայր օրենքին համապատասխան

ՀՀ Սահմանադրական դատարանը «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը ճանաչել է երկրի մայր օրենքին համապատասխան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հայտրարությունից․«Սահմանադրական դատարանը՝ գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, այսօր հրապարակել է վերոնշյալ գործով որոշումը, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: Ստորև ներկայացնում ենք ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը․  «... Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց . 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։ 2. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ 3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը: 4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»», - նշված է դատարանի հայտարարությունում։
22:18 - 16 ապրիլի, 2025
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» վերաբերյալ հարցի քննությունը ՍԴ-ում ավարտվել է
 |azatutyun.am|

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» վերաբերյալ հարցի քննությունը ՍԴ-ում ավարտվել է |azatutyun.am|

azatutyun.am: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» վերաբերյալ հարցի քննությունը Սահմանադրական դատարանում ավարտվել է. ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու արդյոք օրենքը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե՝ ոչ: Դեռ հայտնի չէ, թե երբ կհրապարակվի որոշումը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՍԴ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն: Ընդդիմության դիմումի հիման «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը» երկու տարուց ավելի վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Բարձր դատարանը չի պարզաբանում, թե իր քննության ընթացքում ինչու չի կասեցրել օրենքի կիրառումը: Մինչև օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն դոլար։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև՝ 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:
21:46 - 04 ապրիլի, 2025
ՍԴ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

ՍԴ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Արման Դիլանյանն ընդգծել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ երկու բարեկամ պետությունների միջև սահմանադրական արդարադատության ոլորտում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։ Հանդիպման ընթացքում Հայաստանում Իրանի դեսպանի խնդրանքով ՍԴ նախագահը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը, կազմությունն ու գործունեության առանձնահատկությունները։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։
17:11 - 03 ապրիլի, 2025
ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած ապատեղեկատվություններին․  «Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:52 - 18 մարտի, 2025
Էդգար Ղազարյանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել․ հաղորդում տվողը ՍԴ աշխատակազմի ղեկավարն է
 |factor.am|

Էդգար Ղազարյանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել․ հաղորդում տվողը ՍԴ աշխատակազմի ղեկավարն է |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանը վարույթ է ընդունել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանի գործը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։  Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ «Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի և նշված գործով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավորներին և արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:10 - 11 մարտի, 2025
Դիմումատու դատավորն ակնկալում էր արդար դատաքննության խախտված իրավունքի վերականգնում
 |aravot.am|

Դիմումատու դատավորն ակնկալում էր արդար դատաքննության խախտված իրավունքի վերականգնում |aravot.am|

aravot.am: Ըստ ՍԴ-ի՝ «հակասահմանադրականության վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել» ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործի քննությունը: Նա մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար, այն է՝ բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով Ս. Գրիգորյանի խափանման միջոցը, վերջինս նաեւ դատավորի եղբոր ընկերն էր: Դատավորը, ով երկու տարուց ավելի անազատության մեջ էր, կալանավորված, ապա տնային կալանքի մեջ, այս ընթացքում կարողանում էր դիմել Սահմանադրական դատարան: Մենք տեղեկացրել ենք, որ նա վիճարկել է Երեւան քաղաքի նախկին դատավոր, կալանավորված Արուսյակ Ալեքսանյանի Սահմանադրական դատարան դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով, հասցրել է վիճարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը, 316-րդ հոդվածի 1-ին մասերի սահմանադրականության հարցը, իսկ անցյալ տարվա հունիսին կարճել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործի վարույթը: Նրա հերթական դիմումի ճակատագիրը հայտնի դարձավ երեկ: Փետրվարի 25-ին Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Սահմանադրական դատարանը ՍԴԱՈ-29 որոշմամբ մերժեց: Ըստ դիմողի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածը չի կարող համահունչ լինել Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքի բովանդակային ցուցիչ հանդիսացող «արդարացիության» բաղադրիչին՝ այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության հիշյալ իրավանորմը չի նախատեսում բացառիկ վերանայման վարույթում Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտի բովանդակային վերանայում: Դիմումատուն նշել էր նաեւ. «Չնայած նրան, որ 2024թ. դեկտեմբերի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշմամբ Վճռաբեկ դատարանը որոշել է Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը նոր հանգամանքի, այն է՝ Սահմանադրական դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշման հիմքով վերանայել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի՝ 2024թ. դեկտեմբերի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշումը որեւէ բովանդակություն չի պարունակել՝ այն մասին, թե ինչ պատճառով է, որ 2023 թվականի ապրիլի 26-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում՝ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023թ. փետրվարի 23-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշման դեմ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի ներկայացրած՝ քրեադատավարական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սկզբունքի խախտում թույլ տրված լինելու վերաբերյալ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին»: Ինչ է ստացվում, ըստ նրա. «Այն դեպքում, երբ նոր հանգամանքի՝ Սահմանադրական դատարանի որոշման ուժով փաստվում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով թույլ է տրվել դիմումատուի արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտում՝ դրսեւորված հիշյալ դատական ակտի չպատճառաբանվածության փաստով, ապա այս դեպքում ակնհայտ է այն, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է անվերապահ հիմք հանդիսանա՝ բացառիկ վերանայման արդյունքով կայացնելու այնպիսի որոշում, որը, թեեւ չի բեկանում բացառիկ վերանայման առարկա հանդիսացող դատական ակտը, սակայն վերականգնում է դիմումատուի՝ բողոքաբերի արդար դատաքննության խախտված իրավունքը»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:25 - 05 մարտի, 2025
ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբաններին առնչվող փոփոխությունների հարցով դիմումը

ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբաններին առնչվող փոփոխությունների հարցով դիմումը

Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի ղեկավար Սիմոն Բաբայանը։  «Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»,- գրել է Բաբայանը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների հարկային բեռն ավելացել է մոտ 6-8 անգամ, ինչի կապակցությամբ Հայաստանի 1212 փաստաբան կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել Կառավարությանը։   Դեռ 2024 թ․-ին ՄԻՊ-ն այս կարգավորման մեջ սահմանադրականության խնդիր էր տեսել եւ դիմել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն, սակայն, որոշել է, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու իրեն։  
19:22 - 21 փետրվարի, 2025
ՍԴ-ն վարույթ է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը․ ինչ դրույթներ են վիճարկվել
 |factor.am|

ՍԴ-ն վարույթ է ընդունել լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը․ ինչ դրույթներ են վիճարկվել |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Երևանի քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումը, որով նա վիճարկել է Դատական օրենսգրքի մի քանի դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հուլիսի 9-ին դադարեցրել էր դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները իր վարույթում գտնվող գործերով դատական ակտերն ուշ տրամադրելու համար։ Գործի քննության ընթացքում դատավորը վիճարկել էր թե՛ իր նկատմամբ վարույթ հարուցելու օրինականությունը, թե՛ գործի փաստական հանգամանքները։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր  «Փաստերի ստուգման հարթակի»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման առթիվ։ 2023 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ ուշացրել է: Այս հրապարակումից հետո Դանիել Իոաննիսյանը Արդարադատության նախարարությանը հաղորդում էր ներկայացրել վարույթ հարուցելու համար, և վարույթը հարուցվել էր: Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, ինքնուրույն հաշվարկներ կատարելով, համարել էր, որ դատավորը ոչ թե 102, այլ 80 գործով դատական ակտ է ուշացրել։ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում Արթուր Ստեփանյանը վիճարկել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների՝ ԲԴԽ-ի մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է՝ առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները։ Նշենք, որ Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհուրդը  համալրված էր բոլոր 10 անդամներով։ Լիազորությունները դադարեցնելու որոշմանը կողմ էին քվեարկել ԲԴԽ անդամներ Արմեն Դանիելյանը, Կարեն Թումանյանը, Երանուհի Թումանյանցը, Հայկ Գրիգորյանը և  Կարեն Անդրեասյանը։ Խորհրդի երեք անդամ՝ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել էին հատուկ կարծիք՝ դեմ արտահայտվելով Ստեփանյանի նկատմամբ ամենախիստ՝ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակին։ 2024 թվականի հունիսի 17-ին կայացած  դատական նիստին մասնակցել են Խորհրդի բոլոր անդամները, սակայն ԲԴԽ որոշման մեջ առկա չեն ԲԴԽ անդամներ Քրիստինե Մկոյանի և Վիգեն Քոչարյանի քվեարկության վերաբերյալ տեղեկություններ։ Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ՍԴ ներկայացված դիմումով հարց է բարձրացրել, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար անհրաժեշտ է Խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն, Խորհրդի անդամների առնվազն 6 ձայն, սակայն դատավորի լիազորությունները դադարեցրել են 5 կողմ ձայնով։ Դատավորը խնդրել է նաև Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նշված դրույթին տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանների գերծանրաբեռնվածությամբ և այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատավորի կողմից ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու դատավարական պահանջի խախտումը դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի է և պետք է հանգեցնի «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառման։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:11 - 12 փետրվարի, 2025
Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող բոլոր անհատական դիմումները ՍԴ-ն մերժել է 
 |hetq.am|

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող բոլոր անհատական դիմումները ՍԴ-ն մերժել է |hetq.am|

hetq.am: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2020թ․ մայիսի 23-ից, Սահմանադրական դատարանը (ՍԴ) օրենքի դրույթների սահմանադրականության վիճարկման պահանջով ստացել է 11 դիմում։ Այդ բոլոր դիմումները ՍԴ-ն մերժել է։ Մերժման հիմքերը տարբեր են՝ դիմումի ներկայացման ժամկետների խախտումներից մինչև ընթացակարգային և բովանդակային այլ խախտումներ։  Դիմումատուների թվում են նախկին ու ներկա պաշտոնյաներ, նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով։  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկվում է նաև պատգամավորների մեկ հինգերորդի կողմից։ Շուտով կլրանա 3-րդ տարին, ինչ ՍԴ-ն քննության է ընդունել գործը։ Հիմք ընդունելով գործով զեկուցող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկությունը՝ 2023թ․ հուլիսի 7-ին ՍԴ-ն որոշել է Գլխավոր դատախազությունից ապացույցներ պահանջել և այդ կապակցությամբ գործի վարույթը կասեցնել։ «Հետքը» նախկինում գրել է, որ դատախազությանը 21 կետից բաղկացած հարցում էր ուղարկվել։ Վարույթը կասեցվել է մինչև պահանջվող տեղեկությունների և այլ ապացույցների ստացումը: Դատարանը ստացման ժամկետ չի սահմանել: Այսինքն, երբ դատախազությունը Սահմանադրական դատարանին ներկայացներ հարցադրման պատասխանները, վարույթի քննությունը կշարունակվեր:  Հարցադրումները բարդ չէին։ ՍԴ-ն հիմնականում պահանջել է վիճակագրական տվյալներ և օրենքի մեկնաբանություններ՝ իրավակիրառ պրակտիկայում, հետևաբար ենթադրվում էր, որ պետք է արագ պատասխանեին, ու գործի քննությունը շարունակվեր: Օրինակ՝ ՍԴ-ն հարցրել է, թե արդյոք Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվում է աշխատանքային պլանավորմամբ, քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույք, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ, ինչպիսի՞ն է ուսումնասիրությամբ ներգրավված անձանց տարիքային կազմը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում անձի այնպիսի եկամուտները գնահատելիս, որոնք ենթակա չեն եղել հարկման, ուսումնասիրություն սկսելու քանի՞ որոշման դեմ է բերվել հայցադիմում կամ բողոք, քանի՞սն են բավարարվել, քանի՞սն են գտնվում քննության փուլում և այլն: Գլխավոր դատախազությունից մեզ հայտնել էին, որ Սահմանադրական դատարանի հարցադրումներին պատասխանել են դեռևս 2023թ․ սեպտեմբերին: 2023թ. ապրիլին Սահմանադրական դատարանը ստացել է նաև Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի մասին խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Հիմնավորումն այն էր, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Սահմանադրական դատարանից հետաքրքրվել ենք, թե, ի վերջո, ե՞րբ որոշում կկայացնեն։  «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի վիճարկման գործով ՍԴ-ի որոշման ժամկերտների մասին հնարավոր կլինի խոսել վերոնշյալ գործի վարույթը վերսկսելուց հետո։ Կանխատեսելով վարույթը վերսկսելու վերաբերյալ հնարավոր հարցը, տեղեկացնում ենք, որ գործի վարույթը կարող է վերսկսվել «Սահմաադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու հիմքերի վերանալուց հետո»,- հայտնում են Սահմանադրական դատարանից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:00 - 30 հունվարի, 2025
31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը

31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը

31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելով փաստաբանների հարկային բեռի ավելացման սահմանադրականությունը։ Այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։  «Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը: Մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով հայցվել է որոշել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78 րդ, 81-րդ հոդվածներին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 73-րդ հոդվածին»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական  եւ իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի փոխարեն (5%) այդ ծառայություններից այսուհետ գանձվելու են ավելացած արժեքի հարկ (20 %) եւ շահութահարկ (18-23%)։ Արդյունքում, այստեսակ գործունեությունների հարկային բեռն ավելանալու է մոտ 6-8 անգամ։  Հայաստանի 1212 փաստաբաններ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել Կառավարությանը՝ կցելով իրենց համատեղ նախագիծը եւ պահանջելով հավանություն տալ փաստաբանական  ծառայությունների մատուցումը եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկից ազատելուն՝ նախագիծն ուղարկելով Ազգային ժողով՝ ընդունման։
17:42 - 22 հունվարի, 2025
Սահմանադրական դատարանը չի չեղարկել և չի  կարող չեղարկել Անկախության հռչակագիրը. Արման Դիլանյան |armenpress.am|

Սահմանադրական դատարանը չի չեղարկել և չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը. Արման Դիլանյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել և չի չեղարկել Անկախության հռչակագիրը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ  Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին ու մեկնաբանություններին, թե ՍԴ-ն  սեպտեմբերի 26-ին  Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության  սահմանադրականության վերաբերյալ որոշմամբ իբր չեղարկել է Անկախության հռչակագիրը։ «Ոչ ոք չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը։ Կա մի սուբյեկտ, որը կարող է չեղարկել՝ դա ժողովուրդն է»,-ընդգծեց Դիլանյանը։    Նա ափսոսանք հայտնեց, որ ի տարբերություն 3 դատավորի կարծիքների, ՍԴ մյուս 8 դատավորների կարծիքները մանրամասն չի լուսաբանվել։  «Իրականում ես ամեն ինչ նկատեցի այդ որոշման շուրջ, բացի լուրջ իրավական քննադատությունից կամ փաստարկներից։ Ես չհանդիպեցի իրավական փաստարկի՝ թե ինչու է այդ որոշումն իրենց կարծիքով սխալ»,-ասաց ՍԴ նախագահը։Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ասել է այն, ինչը գոյություն է ունեցել 30 տարի։ Բացի այդ, ըստ Դիլանյանի, Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրն իրավական նույն հարթության մեջ  դիտարկելու պարագայում  մի շարք հակասություններ են ի հայտ գալիս։ «Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ՀՀ-ում, և Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս։ Եթե Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը բովանդակային առումով համեմատեք ու փորձեք դրանք նույն իրավական ուժի հարթության մեջ տեղավորել, չեմ պատկերացնում, թե ինչպես եք այդ հակասությունները լուծելու»,-ասաց Դիլանյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն պարզապես առաջին անգամ խորությամբ ուսումնասիրել է խնդիրը և արձանագրել գոյություն ունեցող իրողությունը։ Նշենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին ՀՀ ՍԴ -ն որոշում է կայացրել Սահմանադրությանը  համապատասխան ճանաչելով 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները։ Որոշման մեջ, որպես գործով պարզման ենթակա հանգամանք  անդրադարձ է կատարվել նաև Անկախության հռչակագրին, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։  
20:03 - 14 նոյեմբերի, 2024