Ապրիլի 1-ից հունիսի 28-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ կներգրավվի մինչև 4799 քաղաքացի
11:30 - 29 փետրվարի, 2024

Ապրիլի 1-ից հունիսի 28-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ կներգրավվի մինչև 4799 քաղաքացի

2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 302-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: 

 

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

 

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ: 

 

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել