Ակադեմիական քաղաք միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն. հատուկ կարգ պետք է մշակել. Փաշինյան
18:34 - 29 փետրվարի, 2024

Ակադեմիական քաղաք միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն. հատուկ կարգ պետք է մշակել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

GMP միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը նշել է, որ կլաստերները նախագծվել են՝ հետագայում զարգանալու և ընդլայնվելու հնարավորությամբ: Նրա խոսքով՝ տարածքը հարթ չէ, առկա է թեքություն և մատչելիության ապահովման խնդիր: «Պետք է մուտք և մատչելիություն ապահովենք դեպի բոլոր շենք-շինություններ: Ունենք երկու տարբեր կլաստերներ, կրթական և մշակութային, այնուհետև կենտրոնական տարածք, որը հետիոտնի համար լինելու է առանց որևէ երթևեկության: Փորձել ենք բաշխել շենք-շինություններն այնպես, որ հրապարակների շուրջ կառուցվեն գրավիչ տարածքներ: Շրջապատող ճանապարհները և կանաչ տարածքները կողմնորոշված են դեպի կենտրոնական մուտքեր, կլինեն կանաչ տարածքներ, այգիներ, աջակցող օբյեկտներ և հիմնական կառույցներ: Մարդիկ պետք է այնտեղ իրենց հարմարավետ զգան, ուստի պետք է նաև կանաչ գոտիներ, ջրային տարածքներ բերենք «Ակադեմիական քաղաք»»,- նշել է Ստեֆան Շուտցը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ անցնող ժամանակահատվածում համալսարանի կողմից կատարվել են հաշվարկներ՝ Ակադեմիական քաղաքի համար պահանջվող կոմունալ ռեսուրսների վերաբերյալ: «Այսինքն՝ կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,- նշել է նա:

Միաժամանակ, ռեկտորը հավելել է, որ մշակել են դեպի Ակադեմիական քաղաք ճանապարհների առաջարկ-կոնցեպտ, որը քննարկվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնցեպտում ներկայացված են առավելագույն բոլոր հնարավորությունները: «Կոնցեպտի համաձայն՝ Ակադեմիական քաղաք տրանսպորտային միջոցների մուտքը պետք է հնարավորինս սահմանափակել, նախատեսված է, որ մարզերից դեպի «Ակադեմիական քաղաք» գնացող տրանսպորտային հոսքը չլինի Երևանի միջոցով՝ հնարավորինս փորձելով խուսափել խցանումներից»,- ասել է նա:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տրանսպորտային համակարգի առումով կոնցեպտի հիմքում երկու բան է դրված: «Նախ Երևանը լրացուցիչ չծանրաբեռնել, երկրորդը՝ հնարավորինս շատ ճանապարհներով մոտենալ «Ակադեմիական քաղաքին»: Կիսում ենք շրջանաձև ճանապարհի գաղափարը, որը հավելյալ հնարավորություններ է տալիս»,- ասել է նախարարը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը ողջունել է շրջանաձև երթևեկության գաղափարը: «Նախորդ անգամ պայմանավորվեցինք, որ մեր տրամաբանությամբ՝ Ակադեմիական քաղաք պետք է մուտք գործեն միայն մատակարարում իրականացնող ավտոմեքենաներ, այլ մեքենա չպետք է մուտք գործի: Եթե մուտքը բացեցինք, նաև մեր իրականության նրբությունները հաշվի առնելով՝ այնտեղ բուռն երթևեկություն կսկսվի: Միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն: Այդտեղ հատուկ կարգ է պետք մշակել»,- ընդգծել է վարչապետը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել դեպի «Ակադեմիական քաղաք» մետրոյի, երկաթուղու և էլեկտրական տրանսպորտի երթևեկության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհային ենթակառուցվածքների հարցերին ավելի մանրամասն և հիմնավոր լուծում տալու համար իրականացնել ուսումնասիրություն և ներկայացնել տեխնիկատնտեսական հիմնավորում:

Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք»-ին հարակից «Հայֆիլմ» կինոստուդիայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել