Նիկոլ Փաշինյանին Կահիրեի միջազգային օդանավակայանում դիմավորել է Եգիպտոսի վարչապետը
13:56 - 05 մարտի, 2024

Նիկոլ Փաշինյանին Կահիրեի միջազգային օդանավակայանում դիմավորել է Եգիպտոսի վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Կահիրեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը: Դիմավորման պաշտոնական արարողության շրջանակում հնչել են երկու երկրների օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Մարտի 5-ին վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ: 

ՀՀ վարչապետն կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել