Եգիպտոս

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը ունի մեծ ներուժ. հանդիպում ԱՍՀՆ-ում

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հայ-եգիպտական համագործակցությունը ունի մեծ ներուժ. հանդիպում ԱՍՀՆ-ում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Անդրադառնալով Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպմանը՝ նախարարը մանրամասնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դերի ու գործառույթների մասին՝ վերջիններիս աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։ Նարեկ Մկրտչյանը միաժամանակ խոսել է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանելու կարևորության մասին։   Դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը ևս ընդգծել է Եգիպտոսի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատանքի կազմակերպման կարևորությունը և վերջիններիս համար երաշխավորված աշխատանքային պայմանների և անվտանգ միջավայրի ապահովումը։  Դեսպանը շեշտել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների դերը՝ նշելով, որ հայ-եգիպտական հարաբերությունների առաջխաղացման գործում մեծ է նաև 2023 թ․ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը։
16:44 - 09 ապրիլի, 2025
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահին

Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահին

Մարտի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:   Կարճատև զրույցի ընթացքում նախագահ Ալ-Սիսին շնորհավորել է դեսպան Արմեն Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման գործում։   Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ։  
19:44 - 24 մարտի, 2025
Եգիպտոսը ներկայացրել է Գազայի ապագային վերաբերող ծրագիր  |amerikayidzayn.com|

Եգիպտոսը ներկայացրել է Գազայի ապագային վերաբերող ծրագիր |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:Արաբական երկրներն ընդունել են Գազայի ապագային վերաբերող Եգիպտոսի ներկայացրած ծրագիրը և կոչ են արել միջազգային հանրությանը աջակցել դրա իրականացմանը: Իսրայելը պնդում է՝ «Համասը» չպետք է որևէ դերակատարում ունենա Գազայի ապագային վերաբերող հարցերում:  Իսրայելի և «Համասի» միջև հաստատված հրադադարի ապագան անորոշ է, և այդ պայմաններում՝ արաբական երկրների առաջնորդները հանդիպել են Կահիրեում՝ քննարկելու Գազայի ապագային վերաբերող հարցեր: Եգիպտոսի առաջ քաշած ծրագիրը, որը հավանության է արժանացել գագաթնաժողովում, կոչ է անում Պաղեստինի ինքնավարությանը ղեկավար դեր ստանձնել Գազայի վերականգնման գործում՝ պաղեստինցի տեխնոկրատ կառավարիչներից կազմված կոմիտեի միջոցով: Ծրագիրը նաև նախատեսում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել Գազայում՝ վեց ամսով: Այնտեղ, սակայն, բացակայում է «Համասի» զինաթափման մասին հիշատակում, որը և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ պահանջն է: «Համասի» հետ բանակցություններում Իսրայելի նախկին ներկայացուցիչ Գերշոն Բասկինն ասում է. ««Համասի» ղեկավարությունը, որը գործում է Գազայից դուրս, արդեն ամիսներ շարունակ հստակորեն հասկացնում է, որ պատրաստ է հրաժարվել Գազայի կառավարումից՝ հօգուտ անկուսակցական, քաղաքացիական, արհեստավարժ, տեխնոկրատ կառավարության»: «Համասի» առաջնորդ Սամի Աբու Զուհրին, այդուհանդերձ, ընդգծել է, որ կազմակերպությունը զենքը վայր չի դնի: Բասկինն շարունակում է, որ այլընտրանքի բացակայության դեպքում «Համասը» կվերականգնի դիրքերը Գազայում. «Իմ մտավախությունն է՝ քանի որ Գազայում «Համասի» քաղաքական ղեկավարությունից ոչ ոք չի մնացել, և հին զինվորականների մեծ մասը սպանվել է Իսրայելի կողմից պատերազմի ժամանակ, մարդիկ, ովքեր հիմա ցույց են տալիս, որ իրենք իշխանություն են, երկրորդ, երրորդ, չորրորդ աստիճանի երիտասարդ սպաներ են, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ նոր երիտասարդներ հավաքագրելու համար»: Կահիրեի գագաթնաժողովին արաբ առաջնորդները համաձայնել են, որ ԱՄՆ կողմից Գազան վերհսկողության տակ վերցնելու և նրա երկու միլիոն բնակիչներին արաբական այլ երկրներ տեղափոխելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն անընդունելի է: Արաբական երկրների ղեկավարների խոսքով՝ Գազայի բնակիչները պետք է մնան Գազայում՝ չնայած 16-ամսյա պատերազմի պատճառած համատարած ավերածություններին։ Փոխարենը, Իսրայելի կառավարության համար է ընդունելի Թրամփի ծրագիրը: Իսրայելցի որոշ դիտորդներ գտնում են, որ, ամեն դեպքում, պաղեստինյան անկախ կառավարության ձևավորման հնարավորությունն առկա է։ ««Համասի» փոխարեն կգա ոչ կոռումպացված, չափավոր գործիչ, որը կկառավարի՝ Պաղեստինի ինքնավարության հովանու ներքո: Բայց կառավարումը ուղղակի չի իրականացնի Պաղեստինի ինքնավարությունը, որը ղեկավարում է Հորդանան գետի արևմտյան ափը, և որը կոռումպացված է՝ կառավարման վատ փորձով և տակավին ծայրահեղական: Այդ գործիչը Սալամ Ֆայադն է»,- ասում է Բար-Իլամ համալսարանի ներկայացուցիչ Ջոնաթան Ռայնհոլդը: Սալամ Ֆայադը տնտեսագետ է, Պաղեստինի նախկին վարչապետն ու անկուսակցական գործիչ, ով հեռու էր Պաղեստինի ինքնավարությանն առնչվող ենթադրյալ կոռուպցիոն գործերից: Ֆայադը նաև սերտ կապեր ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որը, ամենայն հավանականությամբ, կարող է ֆինանսավորել Գազայի վերակառուցման առնվազն մի մասը, և որը ՄԱԿ-ի գնահատմամբ կարժենա մոտ 50 միլիարդ դոլար: Արաբական երկրների գագաթնաժողովը միջազգային հանրությանը կոչ է արել ստանձնել Գազայի վերականգնման ընդհանուր պատասխանատվությունը:
10:00 - 07 մարտի, 2025
Քննարկվել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և Եգիպտոսի միջև համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները

Քննարկվել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և Եգիպտոսի միջև համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները

Եգիպտոսում‏ Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ: ‎Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ ‏Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման համար առկա նախադրյալները և դեռևս չիրագործված մեծ ներուժը: Այս կապակցությամբ զրուցակիցները մասնավորապես կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացման, իրավապայմանագրային բազայի ընդլայնման, ինչպես նաև մասնագիտական և գործարար համայնքների միջև շփումերի ինտենսիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
21:29 - 04 մարտի, 2025
Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում խաղաղապահներ տեղակայել Գազայում |armenpress.am|

Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում խաղաղապահներ տեղակայել Գազայում |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսում մարտի 4-ին կմեկնարկի պաղեստինյան հիմնախնդրի զարգացումներին նվիրված արաբական արտահերթ գագաթնաժողովը, որի մասնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ կանեն միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել՝ նպաստելու Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության ապահովմանը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է Al Qahera News-ը։ Գագաթնաժողովի ընթացքում կընդունվի արաբական միասնական որոշում Գազայի վերաբերյալ՝ ձեռնարկելու անհրաժեշտ իրավական և միջազգային միջոցներ՝ դադարեցնելու պաղեստինցիներին իրենց հողերից վտարելու փորձերը: Գագաթնաժողովում կքննարկվեն նաև Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը՝ առանց պաղեստինցիներին իրենց հողերից տեղահանելու։ Մասնակից երկրները հանդես կգան հրադադարի համաձայնագրի ավարտին հասցնելու աջակցությամբ՝  կանխելով ցանկացած խախտում։  Եգիպտոսի կողմից մշակված համապարփակ արաբական ծրագրի հայտարարության նախագծի մեջ նշվել է, որ «Եգիպտոսի ներկայացրած ծրագիրը լիովին համաձայնեցված է Պաղեստինի և արաբական երկրների հետ, և հիմնվելով Գազայի արագ վերականգնման վերաբերյալ Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի կատարած ուսումնասիրությունների վրա՝ աշխատանք կտարվի՝ ապահովելու բոլոր տեսակի ֆինանսական, նյութական և քաղաքական աջակցությունները ծրագրի իրականացման համար»: Վերակառուցման ծրագիրը նախատեսում է անկլավում ստեղծել հատուկ հումանիտար գոտիներ, որտեղ պաղեստինցիները կկարողանան բնակություն հաստատել մինչև իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ավերված իրենց տների վերակառուցումը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 53 մլրդ դոլար։ Բացի միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից, նախագիծը նաև կոչ է անում Իսրայելին դադարեցնել ագրեսիան Արևմտյան ափում, այդ թվում՝ բնակավայրերի, տների ավերումը, հողերի բռնագրավումը, ենթակառուցվածքների ոչնչացումը և ռազմական ներխուժումը պաղեստինյան քաղաքներ: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կահիրե են ժամանել Պաղեստինի, Իրաքի, Բահրեյնի, Մավրիտանիայի, Քուվեյթի առաջնորդները և արաբական այլ երկրների պատվիրակություններ։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի նաև Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։ 2025 թ․ հունվարի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջ է քաշել պաղեստինցիներին Գազայից հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից, և դրան միացել են արաբական այլ երկրներ, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններ:
12:04 - 04 մարտի, 2025
Եգիպտոսն Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում
 |azatutyun.am|

Եգիպտոսն Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում |azatutyun.am|

azatutyun.am: Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, որը հրապարակվել է կիրակի օրը, Կահիրեն փետրվարի 27-ին Արաբական արտակարգ գագաթնաժողով է հրավիրում: Ըստ հաղորդագրության՝ նպատակն է քննարկել «լուրջ իրադարձությունները» պաղեստինցիների համար: Գագաթնաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Գազայի հատվածը վերցնելու» և «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» ստեղծելու առաջարկի, ինչպես նաև պաղեստինցիներին այլ վայրեր տեղափոխելու տարածաշրջանային և գլոբալ քննարկման ֆոնին: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածը կփոխանցի Միացյալ Նահանգներին ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ այդ ընթացքում Գազայի բնակչությունը կտեղափոխվի այլ վայրեր: Սա նշանակում է, նրա խոսքով, ԱՄՆ-ը ներկա չի լինի Գազայի հատվածում իրադարձություններին այս փուլում։ Գազայի հատվածի բնակչությանը վերաբնակեցնելու և այն շքեղ ու բարգավաճ տարածաշրջանի վերածելու մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հրամայել է ծրագիր պատրաստել, որը պաղեստինցիներին թույլ կտա ինքնակամ լքել Գազան: Արաբական երկրները մերժում են այս գաղափարը:Լուսանկարում՝ համատարած ավերածությունները Գազայում/AP
15:15 - 09 փետրվարի, 2025
Եգիպտոսը և Հորդանանը մերժել են Թրամփի ծրագիրը Գազայի հատվածից բնակիչների վերաբնակեցման մասին |armenpress.am|

Եգիպտոսը և Հորդանանը մերժել են Թրամփի ծրագիրը Գազայի հատվածից բնակիչների վերաբնակեցման մասին |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսն ու Հորդանանը չեն համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն գաղափարին, որ մեծ թվով պաղեստինցիներ հեռանան Գազայի հատվածից։  Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մշտապես աջակցում է պաղեստինցի ժողովրդին՝ իր հողի վրա: Նաև հայտարարության մեջ ասվում է, որ Եգիպտոսը մերժում է «ցանկացած ոտնձգություն այդ անկապտելի իրավունքների նկատմամբ՝ լինի դա բնակավայրերի ընդլայնման, հողերի անեքսիայի ճանապարհով, թե վերաբնակեցման, վտարումը խրախուսելու կամ տեղահանման միջոցով պաղեստինցիներին իրենց հողից հանելով՝ լինի դա ժամանակավոր կամ երկարաժամկետ»:  Եգիպտոսի ԱԳՆ-ն նաև միջազգային հանրությանը կոչ է արել աշխատել երկու պետությունների ստեղծման ճանապարհով իրադրությունը կարգավորելու շուրջ, որը, Կահիրեի կարծիքով, անհնար կդառնա, եթե պաղեստինցիներին վտարեն իրենց տարածքներից: Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին իր հերթին հայտարարել է, որ իր երկրի կողմից պաղեստինցիների ցանկացած տեղահանում չընդունելը «հաստատակամ է և անսասան»: Միևնույն ժամանակ Կատարի պաշտոնատար անձինք, որոնք որպես միջնորդ են հանդես եկել Գազայում մարտական գործողությունների դադարեցման հարցում, «կարմիր գիծ» են համարել ցանկացած ծրագիր, որը կհանգեցնի տեղահանման կամ կրկնակի օկուպացման: Արաբական պետությունների լիգան նույնպես հայտարարել է, որ մարդկանց բռնի տեղահանումն ու վտարումն իրենց հողերից ոչ այլ ինչ են, քան «էթնիկ զտում»։ «Պաղեստինի ժողովրդին իր հողից վտարելու փորձերը՝ լինի դա տեղահանման, բռնակցման կամ բնակավայրերի ընդլայնման ճանապարհով, անցյալում ձախողվել են», - ասվում է տարածաշրջանային դաշինքի հայտարարության մեջ: Ավելի վաղ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Գազայի հատվածը «մաքրելու» և նրա բնակչությանը Եգիպտոսում ու Հորդանանում վերաբնակեցնելու պլան։ Նա հայտարարել էր, որ «կցանկանար, որ Եգիպտոսն ընդուներ ժողովրդին», և «Հորդանանն ընդուներ ժողովրդին»: Նրա խոսքով՝ Գազայի բնակիչների վերաբնակեցումը կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ։
13:16 - 27 հունվարի, 2025
Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու ուղիները |armenpress.am|

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու ուղիները |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում առկա էսկալացիան և այն մեղմելու ուղիները։ Այս մասին նշված է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նախագահի մամուլի քարտուղար, դեսպան Ահմեդ Ֆահմին հայտարարել է, որ երկու նախագահներն ընդգծել են զսպվածության և փոխադարձ թիրախավորման շրջափուլը դադարեցնելու անհրաժեշտությունը, որը ողջ Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին՝ սպառնալով տարածաշրջանի ժողովուրդների ռեսուրսներին։ Հաղորդվում է, որ երկու նախագահները վերանայել են Գազայում և Լիբանանում հրադադարի հասնելու և շտապ և բավարար քանակությամբ հումանիտար աջակցություն մատակարարելու շարունակական ջանքերը:  «Նրանք նաև ընդգծել են Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը՝ վերահաստատելով իրենց աջակցությունը լիբանանյան պետական ​​կառույցներին», - նշված է մամլո հաղորդագրության մեջ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։  
18:18 - 26 հոկտեմբերի, 2024
Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվի մուտքը Հայաստանի տարածք |news.am|

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվի մուտքը Հայաստանի տարածք |news.am|

news.am: Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվեն ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվամիության, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի (կամ վավեր մուտքի վիզայի) առկայության պարագայում: Նշված երկրների քաղաքացիներին վիզա կտրամադրվի նաև վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայության դեպքում»: Հաջորդ պահանջը ՀՀ մուտք գործել ցանկացող օտարերկրացու ներկայացրած հրավերն է ՀՀ–ում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության կողմից (հայտագիր, նամակ, միջնորդություն)։ Առաջարկվում նաև է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ)։   Էլեկտրոնային վիզա ստանալու նախապայման է սահմանվում առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր։ Նշվում է, որ ՀՀ մուտքի այցելության վիզայով ՀՀ ժամանող օտարերկրացիների գերակշիռ մասը հետագայում դիմում են ուսման, աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար։ Այդ պատճառով, եթե օտարերկրացին ՀՀ մուտքի վիզա ստանալու համար լրացվող դիմում–հարցաթերթիկում այցելության նպատակը դաշտում նշում է այս կատեգորիաները, դա որոշակի նշանակություն կարող է ունենալ կացության կարգավիճակ տալու վարույթների ուսումնասիրության պրոցեսում։   Նախագծի նպատակն է կանխել դեպի ՀՀ անօրինական միգրանտների հոսքը, որը բերում է մի շարք բացասական հետևանքների, այդ թվում` հանցագործությունների թվի աճի։ Նշվում է, որ մեծանում է անօրինական միգրանտների՝ ՀՀ տարածքը դեպի եվրոպական երկրներ տեղաշարժվելու համար տարանցիկ գոտու վերածելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա: Հավելենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միգրացիոն հոսքերի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով` 2024 թ. հունվարի 1–ից մինչև օգոստոսի 28–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայում ՀՀ–ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացիներ։
12:25 - 24 հոկտեմբերի, 2024
Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները

Ժաննա Անդրեասյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:   ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հանդիպումը՝ համագործակցության օրակարգ ձևավորելու, համատեղ ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:   Կողմերը քննարկել են 2023 թ. ստորագրված երկկողմ փոխըմբռնման հուշագրով նախատեսված սպորտի, գիտության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության զարգացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը` այս համատեքստում ընդգծելով Կահիրեի համալսարանում հայագիտական կենտրոնի ակտիվ գործունեությունը, որը ֆինանսական աջակցություն է ստանում նաև ՀՀ կառավարության կողմից: Ընդգծելով, որ ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների թվի աճը  Կառավարության կարևոր թիրախներից է՝ նախարարը հույս է հայտնել, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիները ևս կնախընտրեն բարձրագույն կրթություն ստանալ մեր երկրի բուհերում: Դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստան-Եգիպտոս պատմական կապն ու հայ համայնքի դերը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Ի թիվս մի շարք համագործակցային ոլորտների՝ նա հատկապես ընդգծել է մշակույթի ոլորտում հնարավոր ծրագրերի իրականացումը՝ նվագախմբերի փոխայցելությունների, ցուցահանդեսների, մշակութային օրերի կազմակերպման համատեքստում: Քննարկվել են նաև երիտասարդական համաժողովի անցկացման, սպորտի ոլորտում երկխոսության, ինչպես նաև երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:
19:43 - 23 հոկտեմբերի, 2024
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։   Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային հնարավորությունները և անդրադարձել այն ոլորտներին, որոնք կարող են հետաքրքրել եգիպտացի գործարարներին։  «Մենք կարևորում ենք Հայաստանի և Եգիպտոսի միջև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը։ Երկու երկրների ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելով՝ մենք կարող ենք բացահայտել համագործակցության առավել հեռանկարային ոլորտները, ինչպիսիք են տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգիան, թեթև արդյունաբերությունը և տեքստիլը», - նշել է Գևորգ Պապոյանը։ Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։ 
17:48 - 22 հոկտեմբերի, 2024
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորման բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտումն են գտել նախորդ տարվա բարձրաստիճան այցելությունների ժամանակ կայացած քննարկումներում և ծավալված համագործակցության մեջ։ Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին նախանշել են այն կոնկրետ ոլորտները, որտեղ կա համագործակցության հետագա զարգացման ներուժ և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով նպաստել դրա առավելագույն իրացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, քաղաքացիական բնակչության չթիրախավորման, «երկու պետություն» սկզբունքով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։
15:10 - 27 սեպտեմբերի, 2024
Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։ Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցությունները եղել են լուրջ ու կառուցողական և անցել են դրական մթնոլորտում։ «Դոհայում ԱՄՆ-ն Կատարի և Եգիպտոսի աջակցությամբ երկու կողմերին ներկայացրել է առաջարկ, որը կրճատում է բացերը և հիմնված է մայիսի 31-ին նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված սկզբունքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևի վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝  Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ կհանդիպեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ օգոստոսի 16-ին առաջարկված պայմաններով համաձայնության հասնելու հույսով:  
19:28 - 16 օգոստոսի, 2024