Կիրանցում ունենք խնդիրներ, որովհետև որդեգրել ենք «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան |news.am|
12:22 - 16 մայիսի, 2024

Կիրանցում ունենք խնդիրներ, որովհետև որդեգրել ենք «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան |news.am|

news.am: Սահմանազատման գործընթացում Բերքաբերի հատվածում խնդիր չկար, արդյունքում էլ խնդիր չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիր չկա: Գիտեք, որ այնտեղ շատ զգայուն հարցեր կային՝ կապված Ոսկեպարի եկեղեցու և նաև Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի հետ: Սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում է, այլև նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս անվտանգ է: 

Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք, որովհետև, եթե չեմ սխալվում, համենայն դեպս, ինձ զեկուցել են՝ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի հատվածում»,- ասաց նա։

Անդրադառնալով Կիրանցի հատվածում սահմանազատմանը՝ Փաշինյանն ասաց. «Ինչո՞ւ որոշակի խնդիրներ ունենք Կիրանցի հատվածում, որովհետև որդեգրել ենք սկզբունքը, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս սկզբունքը գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և բոլոր հատվածների համար: Մենք սրանով ստեղծում ենք սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման ամբողջ գործընթացի համար: Սա նշանակում է, որ սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»:

Նա ընդգծեց, որ սահմանազատումն այս սկզբունքով իրականացնելու արդյունքում առաջացած բոլոր խնդիրները ՀՀ կառավարությունը հետևողականորեն կլուծի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել