Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ
 |armenpress.am|
18:22 - 15 մայիսի, 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել։

«Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև, կրկնում եմ, թե մենք, թե Ադրբեջանը չգիտեն դա ինչ է, ինչպիսի տեսք ունի։ Ադրբեջանի դեպքում՝ Հայաստանի, Հայաստանի դեպքում՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելը անծանոթ երևույթներ են։ Իսկ այն, ինչ չգիտես, առաջ է բերում անորոշություններ, մտահոգություններ, լարվածություններ, որոնք հասկանալիորեն բանաձևում և ընկալում ես քո ունեցած պատմական փորձի վրա, իսկ պատմական փորձն ասում է, որ դա հնարավոր չէ։ Ահա այստեղ է, որ գալիս է սովորելու անհրաժեշտությունը, որովհետև մարդկության պատմության պատմական փորձը մարդկությանը պետք է ասեր և համոզեր, որ տիեզերք թռչել հնարավոր չէ և դա, իրոք, հնարավոր չէր այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չսկսեց սովորել տիեզերք թռչել ու հիմա տիեզերք թռչելով ոչ-ոքի բացարձակապես չես զարմացնի»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝Հայաստանի և Ադրբեջանի պարագայում խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք կա։

«Այդ գործիքներից մեկը կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որի կարևոր կետերից այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց համար բացում են ճանապարհները, երկաթգծերը, միմյանց տարածքներով խողովակաշարեր, էլեկտրական գծեր, մալուխներ անցկացնելու հնարավորությունը՝ միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության հարգման հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով»,- շեշտեց վարչապետը։

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը այս օրերին մեկնարկել է և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանի ու Ադրբեջանին կսովորեցի խաղաղ ապրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել