Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան
11:19 - 16 մայիսի, 2024

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Այս մասին Կառավարության ասյօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«[Սա հաջողություն համարելու] առաջին պատճառն այն է, որ մեր ինքնիշխանության և անկախության, հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր Հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն այս գյուղերի մասով, այլև Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ․ քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին։

«Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծել, այլ [իրականացնել] նախկինում Ալմաթիի հռչակագրով հաստատված սսահմանի վերարտադրելու գործընթաց։ Այսինքն՝ ոչ թե պետք է սահման ստեղծել, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՄ փլուզման պահին և ունեն դե յուրե, իրավական նշանակություն»,- նշեց վարչապետը։ 

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է «հերթապահության գործընթացը», որի մասին խոսվում էր սահմանազատում անցկացնելու համատեքստում։

Նրա խոսքով խորհրդային հանրապետությունների միջև պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների համաձայն, ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում։

Փաշինյանը նշեց, որ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը պարբերաբար հավաքել է իրավական ուժ ստացած որոշումները, վերստուգել, հաստատել քարտեզագրական հիմքը: 

«Մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ օրոք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ պարզ լեզվով ասած՝ ՀՀ-ն որդեգրել է սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (ըստ 1976թ․ քարտեզների՝ խմբ․)։

«Եթե մենք գնայինք էն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք՝ այս սկզբունքից շեղվելով, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Չեմ ուզում՝ գերագնահատենք տեղի ունեցածը, չեմ էլ ուզում՝ թերագնահատենք։ Այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»,- եզրափակեց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել