Դժվար թե դա համապատասխանի ՀՀ անվտանգության շահերին. Զախարովան՝ Զվարթնոցից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
 |news.am|
17:42 - 13 մարտի, 2024

Դժվար թե դա համապատասխանի ՀՀ անվտանգության շահերին. Զախարովան՝ Զվարթնոցից ռուս սահմանապահների դուրսբերման մասին |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ մարտի 13-ին, ճեպազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու Երևանի որոշումը։

«Մենք իսկապես տեսել ենք Հայաստանի ղեկավարության մեկնաբանությունները այս թեմայով։ Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով։ Մենք դիվանագիտական ​​ուղիներով ոչինչ չենք ստացել։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա»,- ասել է Մարիա Զախարովան։

Միաժամանակ նա նշել է, որ նշված հայտարարությունը հայկական կողմից արվել է «պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին»։

«Քիչ հավանական է, որ նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգությանը, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որ ռուս և հայ սահմանապահները երկար տարիներ արդյունավետ աշխատում են ուս ուսի տված»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ առաջին անգամ փետրվարի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին խոսել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Ավելի ուշ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ  Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, անդրադառնալով հարցին, նշեց՝ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ ՀՀ-ն կունենա դրա ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի, իսկ այժմ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնելու սահմանապահ ծառայությունը։ 

Նիկոլ Փաշինյանը հայտարարությունները հաստատեց՝ հայտնելով, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին․ «Շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։ Տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ահա այս ողջ ընթացքում, այդ թվում նաև՝ ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություն է ձեռք բերել, որ այնտեղ սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- ասել էր Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել