Ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի պաշտոնական Այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Դեկտեմբերի 22-25-ը Իրանում տեղի է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստը` 2011 թ.-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրից բխող համատեղ Գործողությունների ծրագիրը ստորագրելու և երկկողմ ոլորտային համագործակցության ուղղությունները քննարկելու և հստակեցնելու նպատակով:
ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Մոհամադ Շարիաթմադարիի հրավերով Իրան էր այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը:
Իրանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նախարարը համոզմունք է հայտնել, որ այցը հարմար առիթ է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին և նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, կառուցողական երկխոսության խթանման համար:
Զարուհի Բաթոյանը նշել է, որ համատեղ գործողությունների ծրագրի ստորագրումը լրացուցիչ և հզոր խթան կհանդիսանա երկկողմ ոլորտային համագործակցությունն ինստիտուցինոնալ հիմքերի վրա ամրապնդելու և կապերն ընդլայնելու համար:
Նշենք, որ 2018 թվականին Երևանում կայացած՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքում ստորագրված փոխըմբռնման հուշագրի «Աշխատանք, սոցիալական ապահովում և կոոպերացիա» կետով նախատեսվում էր քայլեր ձեռնարկել 2018 թվականին Թեհրանում կամ Երևանում համապատասխան հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ փոխըմբռնման հուշագրից բխող Գործողությունների ծրագիր մշակելու և հետագա համագործակցության ուղղությունները և շրջանակները քննարկելու նպատակով:
Այս տարի հուլիսին Թեհրանում կայացած՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում իրանական կողմը ՀՀ ԱԳՆ ներկայացուցչին էր հանձնել Փոխըմբռնման հուշագրից բխող Գործողությունների ծրագրի նախագիծը: Իրանական կողմը նաև իր պատրաստակամությունն էր հայտնել 2019 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Թեհրանում կազմակերպել երկու երկրների աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը:
Նշենք, որ համատեղ գործողությունների ծրագիրը նախատեսում է համագործակցություն տեխնիկական և մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի և զբաղվածության և սոցիալական ապահովության ոլորտներում:
Այցի ընթացքում Զարուհի Բաթոյանն այցելել է նաև հայկական եկեղեցի, «Մոշիրիե» արհեստագործական ուսումնարան և «Իրանի հաշմանդաշների և ողնաշարի վնասվածքների աջակցման կենտրոն»։
comment.count (0)