Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր. դեսպան Ենգիբարյան
21:36 - 15 ապրիլի, 2024

Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր. դեսպան Ենգիբարյան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Հարցազրույցում արծարծված հիմնական թեզերը` հակիրճ.

1. Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով Հայաստան տեղահանված անձանց վերահաս խնդիրները և խուսափել վրանային ավաններից։

2. Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է միայն Ադրբեջանի քաղաքական կամքը։

3. Մեր տարածաշրջանում բարեկեցության միակ նախապայմանը խաղաղությունն է։ Խաղաղության հաստատման դեպքում վերջապես հնարավոր կլինի բացել սահմանները, ունենալ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժ, որից կօգտվի նաև Ադրբեջանը, կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանը, որ շահութաբեր կլինի բոլորի համար։

4. ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը մեր խաղաղության օրակարգի կարևորագույն մասն է, այն կդառնա հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք առևտրատնտեսական կապի կարևոր մաս։

5. Հայաստանում գործում են ժողովրդավարական ուժեղ կառուցակարգեր, երկիրը հաջողությամբ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, դա է պատճառը, որ 2022թ. ունեցանք ավելի քան 12 տոկոս տնտեսական աճ։

6. Հայաստանը քայլեր է ձեռնարկում սպառազինության ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացման և պրոֆեսիոնալ բանակի կայացման ուղղությամբ։

7. ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց այն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է և վերջինիս վաճառել է միլիարդավոր դոլարների սպառազինություն սկսած 2011թ. -ից, ինչը այդպես չէ Հայաստանի դեպքում։ Այս իմաստով ճիշտ չէ պնդումը, որ ՌԴ-ն Հայաստանի պաշտպանող ուժն է։ ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչ միայն չաջակցեց ռազմական առումով, այլև քաղաքական առումով, դա է պատճառը, որ մեզ մոտ լուրջ հարցեր կան կառույցի իմաստալիության առումով։

8. ԵՄ քաղաքացիական առաքելությունը դրական դերակատարություն ունի տարածաշրջանում։ Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր։ Մեզ համար կարևոր է նաև Գերմանիայի ազդեցությունը որպես Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող պետություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել