lragir.am: Ամենաուշը 2020 թվականի փետրվար ամսին մրցույթ կհայտարարվի՝ Երևանի համար նոր ավտոբուսներ ներկրելու համար: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նորություններ կան նոր տրանսպորտային ցանցի ներդրման ուղղությամբ:
«Աշխատանքները տարվում են: Կարող ենք ասել, որ արդեն երկու օր է, ինչ մենք ընդհանուր հանձնարարություն ունենք և կառավարության, և դոնոր կազմակերպությունների հետ: Արդեն իրենք նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի համապատասխան մասնագետներ ներգրավվեն, որպեսզի կարողանանք ավտոբուսների ձեռք բերման համար մրցութային փաթեթ պատրաստել:
Այս պահի դրությամբ արդեն նախնական տեղեկատվությամբ երևի ամենաուշը փետրվար ամսի վերջ մենք մրցույթ կհայտարարենք, որը հնարավորություն կտա արդեն ձեռք բերել ավտոբուսներ: Դուք գիտեք, որ ավտոբուսների քանակը նոր ցանցի համար բավական մեծ է, և միանգամից այդ ավտոբուսների արտադրությունը դժվար կլինի: Ինչ-որ չափաքանակ ակնկալում ենք, որ կունենանք 2020 թվականին, այնուհետև կկատարվեն համալրումներ»,- ասաց նա: Ըստ Սարգսյանի՝ աշխատանքները մեծ տեմպով առաջ են գնում:
Ըստ նրա՝ տրանսպորտային ցանցի նախանկան բյուջեն 120-150 մլն դոլար է: Այդքան ներդրում անելը բավական մեծ պատասխանատվություն է, և ժամանակ է հարկավոր, որպեսզի տարբեր քնարկումներ լինեն, ճիշտ հաշվարկներ իրականացվեն:
comment.count (0)