Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:41 - 07 մայիսի, 2024

Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ մայիսի 5-ին Երևանի ակումբներից մեկում առերևույթ խմբային խուլիգանության և ինքնիրավչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ՔԿ-ից:

 
2024 թ․ մայիսի 5-ին Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում Մ․Բ․-ն և նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաև քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
 
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբի կազմում խուլիգանությունը) և 460-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Ժ․ Ոսկանյանը ճանաչվել է տուժող։
 
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ բլոգեր Միկա Բադալյանը և այլ անձինք մոտեցել են իրեն, ցույց են տվել ինչ-որ բաներ, ապա քաշքշել են, գողացել հեռախոսը: Լրագրողը կանչել է ոստիկանության ծառայողների, որոնք, սակայն, չեն միջամտել։

Լրագրողի խոսքով՝ ոստիկանները իրեն թույլ չեն տվել մուտք գործել այնտեղ, որտեղից ինքը դուրս է եկել (ժամանցային վայրերից մեկում-խմբ․)։ Ավելի ուշ, ինչպես երեւում է ուղիղ եթերից, այդտեղ են գալիս ոստիկանության այլ ծառայողներ։ Ոստիկանների հարցին, թե արդյոք իրեն խփել են, լրագրողը պատասխանեց՝ այո։

Ոստիկանները հորդորել են Ոսկանյանին իրենց հետ գնալ ոստիկանական բաժին՝ հաղորդում տալու համար, Ոսկանյանը շեշտել է
, որ ինքը միանշանակ հաղորդում ներկայացնելու է, սակայն իր հետ ոստիկանության բաժին պետք է տարվեն իրեն քաշքշած անձինք։ Ոստիկանները ասացին, որ նրանք նույնպես տարվելու են, սակայն այդ պահին ոստիկանության բաժին գնալու առաջարկ ներկայացնում էին միայն Ոսկանյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել