Լրագրող Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է, որ մի խումբ անձինք քաշքշել ու հարվածել են իրեն, իսկ ոստիկանները չեն միջամտել
11:38 - 06 մայիսի, 2024

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է, որ մի խումբ անձինք քաշքշել ու հարվածել են իրեն, իսկ ոստիկանները չեն միջամտել

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ բլոգեր Միկա Բադալյանը և այլ անձինք մոտեցել են իրեն, ցույց են տվել ինչ-որ բաներ, ապա քաշքշել են, գողացել հեռախոսը: Լրագրողը կանչել է ոստիկանության ծառայողների, որոնք, սակայն, չեն միջամտել։

Լրարգրողի խոսքով՝ ոստիկանները ոչ միայն չեն պաշտպանել իրեն, այլ նաև թույլ չեն տվել մուտք գործել այնտեղ, որտեից ինքը դուրս է եկել (ժամանցային վայրերից մեկում-խմբ․)։

Ուղիղ եթերի ժամանակ լրագրողը, ցույց տալով տվյալ վայրի փակ դուռը, հայտնեց, որ Միկա Բադալյանն ու իր հետ եղող անձինք մտել են ներս, դուռը փակել և անգամ ոստիկաններին ներս չեն թողնում։

Ավելի ուշ, ինչպես երեւում է ուղիղ եթերից, բացի տարածքում գտնվող, սակայն մայթեզրի մոտ կանգնած պարեկներից, այդտեղ են գալիս ոստիկանության այլ ծառայողներ, որոնցից մեկը՝ կոչումով կապիտան էր։ Ոստիկանները Ոսկանյանին հարցեր էին տալիս՝ նրա հետ խոսելով «դու»-ով, ինչը վրդովեցնում էր Ոսկանյանին, նա պահանջում էր իր հետ խոսել հարգալից։

Ոստիկանների հարցին, թե արդյոք իրեն խփել են, լրագրողը պատասխանեց՝ այո։

Ոստիկանները Ոսկանյանին հորդորեցին ներս մտնել, ցույց տալ, թե որտեղ և ով է հարվածել իրեն, սակայն Ոսկանյանը հրաժարվեց՝ նշելով, որ մինչ ոստիկանների գալը, դեպքի վայրում գտնվող ոստիկաններին ցույց է տվել, ինչին ի պատասխան ոստիկանը նշեց՝ «նրանց նորմալ ցույց չի տվել»։

Այնուհետև ոստիկանները հորդորեցին Ոսկանյանին իրենց հետ գնալ ոստիկանական բաժին՝ հաղորդում տալու համար, Ոսկանյանը ասաց, որ ինքը միանշանակ հաղորդում ներկայացնելու է, սակայն իր հետ պետք է ոստիկանության բաժին տարվեն իրեն քաշքշած անձինք։ Ոստիկանները ասացին, որ նրանք նույնպես տարվելու են, սակայն այդ պահին ոստիկանության բաժին գնալու առաջարկ ներկայացնում էին միայն Ոսկանյանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել