«Ազատազենի» հայտարարությունը ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբ
11:48 - 15 մայիսի, 2024

«Ազատազենի» հայտարարությունը ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբ

Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը 72 ժամով ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 մարտական ընկերների՝ Հրաչյա Թովմասյանին, Գարրի Ավագյանին, Անդրանիկ Եղոյանին և Հայկ Մեսրոպյանին։ Ձերբակալել են ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատազէն» կազմակերպությունը։

«Մենք՝ հատկապես Իշխանը, մարդիկ ենք, ովքեր օր ու գիշեր զբաղվում ենք օրինական զենքի մշակույթի տարածմամբ, մեր ամբողջ ջանքը դնում ենք դրան համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը, օրենքները կարգավորելուն և դրա մասին բոլորը գիտեն։ Մեր խոստումն է ինքներս մեզ, որ մեր գիտելիքով և զենքերով ներքին հարցեր չենք լուծելու: Այդ խոստումը միշտ պահել ենք և պահում ենք», - նշում է Ազատազէն ԿՀԿ գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը:

Ազատազէն ԿՀԿ-ն ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները Իշխան Գևորգյանի և մյուս ընկերների իրավունքները պաշտպանելու համար։
Իշխան Գևորգյանի և մյուս մարտական ընկերների խախտված իրավունքի պաշտպանությունը ստանձնել է «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան Տարոն Բաղդասարյանը և գործընկեր Վարազդատ Հարությունյանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զավեշտալի է ձեբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել