«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին:
Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար:
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի մարտահրավերներին համատեղ նորարարական լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերը:
Նախարարն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային խոշոր ապահովագրական կազմակերպություն, ծանոթացել միջազգային բարձր չափանիշներով գործող համակարգի առանձնահատկություններին, ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները:
Այցի արդյունքները ամփոփվել են Աբու Դաբիի Առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր ալ Մանսուրիի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվել են ինչպես առողջության համապարփակ ապահովագրության, այնպես էլ առողջապահական այլ ուղղություններում փոխգործակցության հնարավորությունները:
comment.count (0)