news.am: Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ ՆԳՆ շենքի մոտից քայլերթ սկսեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսպես էլ չհանդիպեց Բագրատ Սրբազանի հետ։
«Ցավոք, Վահե Ղազարյանն էլ իր մեջ չգտավ քաջությունը՝ իջնելու ու հանդիպելու։ Այսօր դուք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա Ազգային ժողով։ Բարի բախտ պարոն Ղազարյան, լավ եղեք, հույսս խափանվեց, կարծում էի՝ տղամարդկությունն ի վերջո տեղ է գտել ինչ-որ ձևով ձեր կյանքում։ Բայց ձեր կողքի մարդիկ լավ մարդիկ չեն, մի լսի իրենց։ Այն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, այսօր մեռավ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Սրբազանը հանձնարարեց, որ այն ոստիկանները, որոնք բռնություն կգործադրեն քաղաքացիների նկատմամբ, հրապարակել նրանց լուսանկարներն ու տարածել․ «Յուրաքանչյուր ոստիկանի դեմք, ով խուլիգանաբար կվարվի, հանում ենք նրանց դեմքերը։ Գրում եք անուն-ազգանունները, հասցեները, այդ շակալների, չախկալների խումբը։ Այդ բորենիների խումբը, որոնց նկատմամբ ծառայողական քննություն են սկսել, հոգեբական ճնշումների կենթարկվեն, թող ենթարկվեն, տառապանքի կենթարկվեն, թող ենթարկվեն»։
Հիշեցնենք, որ շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակից վաղ առավոտյան քայլերթով եկել էին ՆԳՆ շենքի մոտ՝ հանդիպելու Վահե Ղազարյանին։ Սկզբում Սրբազանին էր մոտեցել ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, այնուհետև Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, հետո ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նրանք ասել էին, թե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանին, սակայն ոչ այս ֆորմատով։
comment.count (0)