Վահե Ղազարյան

Պարոն Փաշինյան, ճիշտ նկատեցիք, որ ես ՆԳՆ-ում նոր մարդ չեմ. Արփինե Սարգսյան
 |news.am|

Պարոն Փաշինյան, ճիշտ նկատեցիք, որ ես ՆԳՆ-ում նոր մարդ չեմ. Արփինե Սարգսյան |news.am|

news.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին: Նա իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հեռացող նախարար Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի և ներդրման համար։ «Պարոն Ղազարյանի դերը ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է և նա, ըստ էության, լինելով ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև ՆԳՆ ձևավորման գործընթացում: Պարոն Ղազարյանի պաշտոնավարումը ըստ էության համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ, սկսած ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է Կովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը և այս ընթացքում կատարած նրա աշխատանքը, իհարկե բարձր գնահատանքի է արժանի»,-ասաց Փաշինյանը: Այնուհետեւ նա ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասելով. «Նա, ըստ էության, նույնպես ոստիկանության և բարեփոխումների և ՆԳՆ ձևավորման գործում շատ էական ներդրում ունի: Դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակներում նա, ըստ էության, բովանդակ աշխատանքում բարեփոխումների շատ մեծ ներդրում և մասնակցություն է ունեցել: Արդեն նախարարության ձևավորման հենց առաջին օրից զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը և այս ընթացքում, իհարկե, այդ պրոցեսի ամենաակտիվ մասնակիցներից է եղել: Մարդ, ով ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը և ըստ էության հույս ունեմ նաև և համոզված եմ և տեսնում եմ ինչ-որ առումով, որ ՆԳՆ-ի, ոստիկանության, փրկարար ծառայության համար այդ բոլոր ծառայությունները հասկանալիորեն և ընդունելիորեն որոշակի պահպանողական են, բայց տիկին Սարգսյանը նաև այս ընթացքում կարողացել է համակարգում դառնալ յուրային և սա նույնպես շատ կարևոր որ գործոն է։ Ուզում եմ հաջողություն մաղթել տիկին Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և նաև հույս հայտնել, որ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, ՆԳՆ մյուս ստորաբաժանումները, իհարկե նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին»: Վահե Ղազարյանը իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց վարչապետին, նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ողջ անձնակազմին: Արփինե Սարգսյանն էլ իր խոսքում նշեց. «Ինձ համար չափազանց կարևոր է նախարարության հետագա գործունեությունը խարսխել այն բոլոր որդեգրված սկզբունքների վրա, որոնք կառավարությունը ուղենիշ չէ ընդունել դեռևս 2018 թվականից։ Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար, այս կարևոր պաշտոնը ինձ վստահելու համար։ Նախարարության համար, ճիշտ նկատեցիք, որ ես նոր մարդ չեմ, դա թույլ կտա էլ ավելի արդյունավետ կերպով շարունակել գործընկերներիս հետ, պրոֆեսիոնալ թիմի հետ հետագա աշխատանքը, և գումարելով պարոն Ղազարյանի գլխավորությամբ այն զգայածավալ աշխատանքի արդյունքները նոր արդյունքներով ՀՀ-ի համար, ՀՀ քաղաքացու համար նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում։ Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն, և հետևապես հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է: Պետք է նկատենք, որ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ ՆԳՆ նկատմամբ և հետևողականորեն ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը, իմ գլխավորությամբ, իհարկե, պարոն վարչապետ, ձեր աջակցությամբ, ձեր վստահությամբ, շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել։ Այս վստահությունն էլ ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար»: Նա նկատեց, որ ՆԳՆ-ն բավական ծանր և մարտահրավերային փուլ է անցել. «Ես վստահ եմ, որ ունենալով ձեր վստահությունը, մենք կշարունակենք թիմի հետ նորանոր նվաճումներ ունենալ։ Շնորհակալությունս պարոն Ղազարյանին, շուտ երկու տարվա արդյունավետ համագործակցության համար: Մենք շարունակելու ենք ամրապնդել այն բոլոր արդյունքները, որոնք համատեղ ենք գրանցել և շարունակելու ենք նվաճել (07:48) նոր արդյունքներ ի շահ Հայաստանի, պահպանելով կառավարության կողմից ողգտված սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին»:
Այսօր 11:28
Մենք Վահե Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք. դա որոշ հարցերում օգնել է, որոշ հարցերում՝ խանգարել. Նիկոլ Փաշինյան
 |news.am|

Մենք Վահե Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք. դա որոշ հարցերում օգնել է, որոշ հարցերում՝ խանգարել. Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Դուք գիտեք, որ պարոն Ղազարյանի հետ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք: Սա մի հանգամանք է, որը, իհարկե, շատ հարցերում մեզ շատ և մեծապես օգնել է, բայց թերևս հանգամանք է նաև, որ որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՆԳՆ-ում նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացնելիս իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ՆԳՆ-ն, պարոն Ղազարյանի առաջնորդությամբ և ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը և միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել։ Եթե ճիշտ եմ հիշում, ըստ էության մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել ոստիկանության, ՆԳՆ-ի համակարգի վրա: Ըստ էության, 90-ականների սկզբից հետո ամենամեծ, ամենամասշտաբային համակարգային փոփոխությունն է տեղի ունեցել: Եվ այդ բոլոր աշխատանքները առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:  
Այսօր 11:14
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան

Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան

Ինչպես արդեն հայտնել էինք Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են: Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։ Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։ Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»,- ասված է ՆԳ նախարարի ուղերձում։  Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։  Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:
13:53 - 18 նոյեմբերի, 2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
 |tert.am|

Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար |tert.am|

tert.am: Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ  նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նախորդ ռազմավարության նվաճումները, քաղած դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները: Կիրականացնեն ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս։ «Բարեփոխումների 2024-2026 թվականների շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նպատակներով՝ Ներքին գործերի նախարարության կայացում, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում։ Հատկանշական է, որ բարեփոխումների իրականացման արդյունքներն արտացոլվում են նաև հանրային հարցումներով։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցմամբ՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62%-ը։ Մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ»,- ասաց նա: Ղազարյանի խոսքով՝ այս նախագծով հասցեագրվում են մի շարք առանցքային ուղղություններ: «Ապահովելու է ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքը, նորացված նկարագիր են սահմանվելու աշխատատեղերի համար, ոստիկանության արտաքին նկարագիրը բերելու է միասնական տեսքի, լավարկվելու է ենթակառուցվածքը, տեխնիկական հագեցվածությունը, ապարապնդվելու է նախարարություն-ոստիկանություն կապը, բարելավելու է մատուցող հանրային ծառայությունների որակը ու դրանց մշտադիտարկումը: Խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանություն ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը, բարեփոխվելու են կրթական միջավայրը, որի շրջանակներում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, ներդրելու է ոստիկանության համակարգի մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը»,- ասաց Ղազարյանը։
12:01 - 15 նոյեմբերի, 2024
ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Իր ելույթում ՆԳ նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ ճանաչված և հեղինակավոր երկխոսության հարթակներից մեկը: Համաժողովին նախորդել է բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ներկայացնում ենք ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ելույթն ամբողջությամբ։ «Հարգելի՛ նախագահող, Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և գործընկերներ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովի բոլոր մասնակիցներին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ երկխոսության ճանաչված և հեղինակավոր հարթակներից մեկը: Գործընթացի շրջանակներում հաստատված երկխոսությունը թույլ է տվել գործընկերային հարաբերություններ հաստատել երկրների միջև՝ ընդլայնելով համագործակցությունը ինչպես աշխարհագրական, այնպես էլ թեմատիկ առումով: Խրախուսելով հավասարակշռված մոտեցումը և դիտարկելով միգրացիայի բոլոր ասպեկտները՝ երկխոսությունը մշտապես աջակցել է կանոնավոր, անվտանգ, օրինական և պատասխանատու միգրացիային: Հայաստանը պարբերաբար մասնակցել է Բուդապեշտի գործընթացի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են բարձր մակարդակի հանդիպումները, աշխատաժողովները, փորձագիտական սեմինարները և տարածաշրջանային համաժողովները: Դա հնարավորություն է ընձեռել համագործակցել Գործընթացի մասնակից այլ երկրների հետ, կիսվել լավագույն փորձով և աշխատել միգրացիոն քաղաքականության ընդհանուր լուծումների ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներգրավվածությունը Բուդապեշտի գործընթացում նպաստել է միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Գործընթացին իր մասնակցության միջոցով Հայաստանը ձգտում է լուծել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են միգրանտների ինտեգրումը, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջազգային պաշտպանության և հարկադիր տեղահանված անձանց հիմնախնդիրները, սահմանների կառավարման բարելավումը և այլն: Համագործակցելով մասնակից պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ` Հայաստանը փորձում է բարելավել սեփական միգրացիոն համակարգի կառավարումը և արդյունավետ արձագանքել միգրացիոն մարտահրավերներին: Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնեմ, որ Հայաստանի Կառավարության վարած քաղաքականության շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 30-ին օրենքի ուժով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը, որը ոլորտային քաղաքականության մշակման շարժիչ ուժն է։ Նոր ձևավորված նախարարության կազմում ընդգրկվել են Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Կցանկանայի շեշտել, որ ինչպես Ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում աշխատանքները կազմակերպված են քաղաքացիական ծառայության սկզբունքով: Հայաստանում շարունակվում են միգրացիոն ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ:Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում, և այդ առումով կարևորում եմ միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու նրանց կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունն իրականացվող գործընթացներին: Բոլոր այս համատեղ ջանքերն ունեն իրենց նշանակալի ազդեցությունը` ոլորտում շարունակական ձեռքբերումներ ունենալու համար, որոնցից մեկն էլ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին մեկնարկած` Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի երկխոսությունն է։ Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ. Հայաստանի մասնակցությունը Բուդապեշտի գործընթացին մի շարք ձեռքբերումներ է տվել. 1. Կարողությունների զարգացման առումով Հայաստանը հասանելիություն է ստացել ուսումնական և կրթական ռեսուրսներին, որոնք բարձրացնում են ինստիտուցիոնալ հնարավորությունները միգրացիայի կառավարման ոլորտում՝ բարելավելով միգրացիոն հոսքերը արդյունավետորեն կառավարելու կարողությունը: 2. Տարածաշրջանային համագործակցության առումով գործընթացը խթանում է հարևան երկրների հետ փոխգործակցությունը՝ թույլ տալով Հայաստանին երկխոսության մեջ մտնել և կիսվել միգրացիայի և ապաստանի հարցերի վերաբերյալ լավագույն փորձով: 3. Քաղաքականության մշակման առումով բարելավվել են միջազգային չափանիշների և շրջանակների վերաբերյալ պատկերացումները՝ օգնելով սեփական միգրացիոն քաղաքականության մշակմանը և կատարելագործմանը: 4. Մասնակցությունը գործընթացին հեշտացրել է կապերը տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով գործընկերության և համագործակցային նախաձեռնությունների հնարավորություններ: 5. Բացի վերը նշվածից` հարթակն օգնել է լուծել միգրացիոն հատուկ մարտահրավերները, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, տեղահանված բնակչության հիմնախնդիրներն ու միգրանտների ինտեգրումը՝ համատեղ փորձի և լուծումների միջոցով: Անդրադառնալով Նախարարական հռչակագրին և դրա իրականացման 2025-2030 թթ. Գործողությունների ծրագրին՝ ցանկանում եմ նշել, որ վեց առաջնահերթությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության միգրացիայի և ապաստանի ոլորտի քաղաքականությանը, ընթացիկ բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև ոլորտում իրականացվող աշխատանքներին: Եզրափակելով ելույթս` շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին` համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Շնորհակալություն ուշադրության համար»։ Նախարարական 7-րդ համաժողովում ընդունվել է նոր Հռչակագիրը և դրա իրականացման 2025-2030 թթ. Գործողությունների ծրագիրը, որոնք կնպաստեն միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում երկխոսության մասնակից և դիտորդ պետությունների համագործակցության ընդլայնմանը։ Բուդապեշտի գործընթացի շրջանակներում շահագրգիռ երկրների և կառույցների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
10:42 - 14 նոյեմբերի, 2024
ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Նոյեմբերի 12-ին կայանալիք համաժողովում կհաստատվեն նախարարների նոր Հռչակագիրը և դրա հետ կապված՝ Գործողության ծրագիրը, ինչը թույլ կտա ընդլայնելու և խորացնելու մասնակից և դիտորդ պետությունների միջև միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը։ Համաժողովի ընթացքում ՆԳ նախարարության պատվիրակությունը կներկայացնի Հայաստանում ներկա միգրացիոն իրավիճակը, ընթացիկ բարեփոխումների օրակարգը, միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև շահագրգիռ երկրների և կառույցների հետ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ։  
15:20 - 11 նոյեմբերի, 2024
ՆԳ նախարարը Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ հանդիպմանը կարևորել է ոստիկանության մյուս ծառայությունների հետ համագործակցությունը

ՆԳ նախարարը Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ հանդիպմանը կարևորել է ոստիկանության մյուս ծառայությունների հետ համագործակցությունը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է նոր ձևավորված Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ։    Ինչպես հայտնում են ՆԳ նախարարությունից, հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Նախարարը շնորհավորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտել Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարեփոխումներին աջակցելու, իսկ միջազգային կառույցներին՝ ներդրված ջանքերի և համագործակցության համար։   Ընդգծելով նոր տրամաբանությամբ ծառայության իրականացման կարևորությունը՝ Վահե Ղազարյանն անդրադարձել է կադրային քաղաքականությանը, ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությանը, աշխատանքի գնահատման նոր մեթոդաբանությանը և մի շարք այլ հարցերի։   Նա կարևորել է նորաստեղծ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների համագործակցության ամրապնդումը։   Նախարարը շնորհավորել է նաև Քրեական ոստիկանության ծառայողներին՝ հատկապես շարքերը համալրած քաղաքացիական անձանց։   Անդրադառնալով Քրեական ոստիկանությանն առաջադրված խնդիրներին՝ Վահե Ղազարյանը կարևորել է ծառայողների փորձառությունը նոր պայմաններում օգտագործելու կարողությունը, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում տարբեր ստորաբաժանումների ակտիվ համագործակցությունը։   Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորման կապակցությամբ շնորհավորել է նաև ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը՝ մաղթելով անփորձանք ծառայություն։   ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն իր խոսքում նշել է. «Ոստիկանությունում այսպիսի արմատական փոփոխություններ երբեք չեն կատարվել: Փոփոխություններն աննախադեպ են ոչ միայն իրենց ծավալներով, այլև որակապես: Բարեփոխումները նախաձեռնելիս մեր տեսլականը եղել է ունենալ ավելի արդյունավետ գործող ոստիկանություն և ավելի պրոֆեսիոնալ ոստիկան»։   Նա ընդգծել է, որ երկու ստորաբաժանումների համագործակցությունը կարևոր քայլ է իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում: Երկուստեք ջանքերի համատեղումը թույլ կտա առավել օպերատիվ և արդյունավետ արձագանքել ինչպես ոչ մեծ և միջին, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի խոսքով՝ «Արդեն իսկ կարելի է փաստել, որ ստեղծվել է համագործակցության առողջ մթնոլորտ Քրեական ոստիկանության հետ, և ցանկացած հարց, որն առաջանում է այս երկու հենասյուների միջև, լուծվում է ի շահ ոստիկանության»:   Ելույթ են ունեցել նաև ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։   Նորաստեղծ ստորաբաժանումներ ծառայության անցնելու իրենց տպավորություններով են կիսվել կին ծառայողները։   Հանդիպման ավարտին ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհվել են սպայական կոչումներ։
19:55 - 08 նոյեմբերի, 2024
ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Վահե Ղազարյանը շրջել է տարբեր տաղավարներով, որտեղ ներկայացվել են ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն ծառայություններ, համակարգեր ու սարքավորումներ։  ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է անվտանգության նոր համակարգերի առանձնահատկություններին, առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներքին անվտանգության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման հարցում դրանց ինտեգրմանը և նշանակությանը։ Դոհայում անցկացվող «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, ներքին անվտանգության ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, մասնագետներ տարբեր երկրներից:
16:40 - 30 հոկտեմբերի, 2024
ՆԳ նախարարն ու Գերմանիայի դեսպանը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը

ՆԳ նախարարն ու Գերմանիայի դեսպանը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:   Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ մասնավորապես ընդգծելով ոստիկանական համագործակցությունը, որն իրականացվում է Ինտերպոլի խողովակներով և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կապի սպայի միջոցով։   Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից ազդարարված մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այդ համատեքստում շոշափվել են մի շարք թեմաներ, կարևորվել է պետության և մասնավոր ընկերության համագործակցությամբ կենսաչափական անձնագրերի ներդրման հարցը:   Նա նշել է, որ այդ փաստը պետք է դիտարկել որպես միգրացիայի կառավարման, մարդկանց տեղաշարժի և ներքին անվտանգության ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ։   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը մասնավորապես՝ ոստիկանական, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում։   Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրոպոլի միջև ստորագրված համաձայնագրերին, որոնք արդեն ուժի մեջ են մտել և տեղեկատվության անվտանգ տեղափոխման, ինչպես նաև ՆԳ նախարարության կողմից Եվրոպոլի գրասենյակում կապի սպայի տեղակայման համար իրավական հիմք են:   Իր խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների մանրամասներ։ Խոսվել է աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ կրթական մակարդակի բարձրացման, տեխնիկական հագեցվածության, միգրացիայի ոլորտում ռեադմիսիոն հայցերի կառավարման համակարգի մասին։   Հանդիպմանը քննարկվել են նաև ապաստան հայցողների համար նոր կենտրոնների կառուցման, ինչպես նաև երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։
20:12 - 22 հոկտեմբերի, 2024
Քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը կփոփոխվի. Վահե Ղազարյան
 |1lurer.am|

Քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը կփոփոխվի. Վահե Ղազարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: «Նախագծերի փաթեթի նպատակը քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունների թվայնացումն է, որը կապահովի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչն էականորեն կբարելավի գործընթացների արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Նա նշեց, որ նախագծով սահմանվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգը: «Նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորությունը, որի պարագայում իրավասու մարմինը՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ստուգելու է դրանց ամբողջականությունը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերն անձամբ ներկայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ընդ որում՝ հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիություն դադարեցնող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ ՊԵԿ, ՊՆ, Ոստիկանություն, ԱԱԾ և այլն, իրականացրել էլեկտրոնային եղանակով՝ էականորեն դյուրացնելով վարչարարությունը: Հաշվի առնելով անվտանգային հանգամանքների ստուգման և անձի առաջնային նույնականացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը և այլն, փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է: Սակայն նախատեսվող կարգավորումները ոչ միայն արագացնում են քաղաքացիության գործերի քննությունը, այլև պարզեցնում են վարչարարական գործընթացները»,- նշեց ՆԳ նախարարը: Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է վերանայել ՀՀ քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը: «Առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել, համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար, 1000 և 25000 դրամի փոխարեն: Այս մասով գործող տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել»,- ասաց նա: «Հատկանշական է, որ պետական տուրքի վերանայումն առաջարկում ենք չտարածել փախստականների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Առաջարկվում է փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից, ինչը դրականորեն կանդրադառնա թե՛ տվյալ անձանց, թե՛ ՀՀ միջազգային վարկի վրա»,- նշեց նախարարը: «Օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո 10 ամիս անց՝ պայմանավորված տեխնիկական նախապատրաստական աշխատանքներով»,- ասաց Վահե Ղազարյանը:
12:50 - 17 հոկտեմբերի, 2024
Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը նախորդ տարի աճել է ավելի քան երկու անգամ. ՆԳ նախարար |armenpress.am|

Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը նախորդ տարի աճել է ավելի քան երկու անգամ. ՆԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Նախորդ տարի ավելի քան երկու անգամ աճել է հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։  «Ինչ վերաբերում է առգրավված և կամավոր հանձնված զենք-ռազմամթերքին, ապա նշեմ, որ վերջին 5 տարվա արդյունքներով հայտնաբերվել է ընդհանուր 4.054 միավոր հրազեն (2019թ.՝ 526, 2020թ.` 693, 2021թ.` 751, 2022թ.` 925, 2023թ.՝ 1.159 միավոր հրազեն), մինչդեռ 2014-ից 2018 թվականներին` 3.457, աճը կազմել է` 597 կամ 17,3 տոկոս:   Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, արձանագրեմ, որ 2019 թվականին հանցագործությունների բացահայտումը կազմել է 58,0 տոկոս, 2020 թվականին` 55,7 տոկոս, 2021 թվականին` 57,3 տոկոս, 2022 թվականին՝ 37,7 տոկոս, իսկ 2023 թվականին 65,2 տոկոս»,-ասաց Ղազարյանը։ Նրա խոսքով՝վերջին 5 տարվա ընթացքում հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն ունի կայուն աճ, բացառությամբ 2022 թվականի, ինչը պայմանավորված է եղել հաշվառման մեթոդաբանության փոփոխությամբ: «Ի դեպ, բացահայտումների արդյունավետությունը վերաբերվում է նաև հանցագործության կառուցվածքում հիմնական հանցատեսակներին (օրինակ` սպանություններով՝ 76,4 տոկոս, սպանության փորձ` 92,3 տոկոս, ավազակությունով` 92,1 տոկոս, կողոպուտով` 90,5 տոկոս)»,-եզրափակեց Վահե Ղազարյանը։
13:44 - 15 հոկտեմբերի, 2024
Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը․ ՆԳ նախարար |armenpress.am|

Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը․ ՆԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ երկրում հանցավորության մակարդակի աճին նպաստում է նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը եղել է նախկինում։  «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է»,-  Հայաստանում հանցավորության մակարդակի վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև  հայտարարված համաներումները, քանի որ կատարված վերլուծությունները փաստում են, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ։    «Օրինակ` 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականի ընթացքում համաներված 4.976 անձանցից հետագայում հանցանք են կատարել 1.152-ը, նրանցից 249-ը` երկու և ավելի անգամ, այդ թվում՝ 1-ական` սպանության և սպանության փորձի, 3-ական` սպանության սպառնալիքի, 4-ական` ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 197-ը` գողության, այդ թվում՝ 33-ը` բնակարանային և այլն։  Միևնույն ժամանակ, վերջին 5 տարիների ընթացքում 1․521 նախկինում դատապարտված անձանց կողմից կատարվել է 1․980 հանցագործության դեպք (2019թ.` 337, 2020թ.` 242, 2021թ.` 531, 2022թ.` 562, 2023թ.` 310)»,- ասաց Ղազարյանը։ Նա նշեց, որ  ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը ևս հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է:  
12:42 - 15 հոկտեմբերի, 2024
Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կամ 83 տոկոսը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները. ՆԳ նախարար
 |armenpress.am|

Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կամ 83 տոկոսը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները. ՆԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով (խմբ-Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2022 թվականի հուլիսից հետո հանկարծամահության դեպքերը ևս վիճակագրության մեջ արտացոլվում են որպես հանցագործություն): Այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:  «Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 88.3 տոկոս, 2019 թվականին՝ 284, 2020թ-ին՝ 296, 2021թ-ին՝ 350, 2022 թ.-ին՝ 880, 2023թ.-ին՝ 1678: Սա հիմնականում պայմանավորված է եղել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով»,-ասաց նախարարը:   Ղազարյանը ներկայացրեց, որ վերջին 5 տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11.1 տոկոս՝ կրճատվելով 0.7 տոկոսով: 2019 թվականին՝ աճը 8.8 տոկոս է եղել, 2023 թվականին՝ 8.1 տոկոս: 2024 թվականի 8 ամիսներին արձանագրվել է հանցավորության թվի նվազում՝ 1070-ով կամ 4.2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 25 հազար 637-ից դառնալով 24 հազար 567: Ըստ նախարարի՝ ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 13.4 տոկոս, 2019-ին՝ 4490, 2020-ին՝ 4077, 2021-ին՝ 4407, 2022-ին՝ 5080, 2023-ին՝ 6116, ինչը հիմնականում պայմանավորված է եղել խոշոր չափերի թմրամիջոցների իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքերի արձանագրմամբ:  Հիմնական հանցատեսակներից վերջին 5 տարիներին աճել են սպանության (միջինում աճը՝ 12.1 տոկոս ), սպանության փորձի (միջինում աճը՝ 18.4 տոկոս ), զենք–ռազմամթերքի ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 15.6 տոկոս ), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (միջինում աճը՝ 13.9 տոկոս ), խուլիգանության (միջինում աճը՝ 23.2 տոկոս ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 46.6 տոկոս ) և խարդախությունների դեպքերը (միջինում աճը՝ 14 տոկոս ): Նախարարի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա: Միևնույն ժամանակ, նվազել են գողությունների դեպքերը: 
12:07 - 15 հոկտեմբերի, 2024
Վահե Ղազարյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության ներկա և առաջիկա ուղղությունները

Վահե Ղազարյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության ներկա և առաջիկա ուղղությունները

Սեպտեմբերի 20-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։   Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ և սերտ համագործակցությունը։   Նախարարը կարևորել է միգրացիոն ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերը: Նա մատնանշել է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման, թվայնացման համակարգերի ներդրման, աղետների ռիսկի կառավարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։   Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։   Նա ներկայացրել է Ղազախստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Կողմերն անդրադարձել են նաև «Խելացի քաղաք» հայեցակարգին:   Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ինչպես ներկա, այնպես էլ առաջիկա ուղղությունների վերաբերյալ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման և փորձի փոխանակման շուրջ:
18:53 - 20 սեպտեմբերի, 2024