Քննող մարմինը համակողմանի քննություն չի իրականացրել․ Դավիթ Խաժակյանը՝  ՀՔԾ-ի կողմից քրգործի հարուցումը մերժելու մասին
14:48 - 16 հունվարի, 2020

Քննող մարմինը համակողմանի քննություն չի իրականացրել․ Դավիթ Խաժակյանը՝ ՀՔԾ-ի կողմից քրգործի հարուցումը մերժելու մասին

 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՔԾ-ի կողմից իր հաղորդման վրա քրգործ հարուցելու մերժմանը՝ նշելով, որ քննող մարմինը համակողմանի քննություն չի իրականացրել։

Խաժակյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գործընկերներ,


հունվարի 13-ին ՀՔԾ կողմից ծանուցվեցի, որ մերժվել է քրեական գործի հարուցումը քաղաքապետի և տեղակալի պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ։ Ուսումնասիրելով 38 էջանոց մերժման որոշումը արձանագրում եմ հետևյալը․

- քննող մարմինը չի իրականացրել գործի համակողմանի քննություն։ Չեն վերհանվել այն հանգամանքները, որոնք մատնանշել էի բացատրությանս մեջ և նույնիսկ բացատրության չի կանչվել այն պաշտոնյան, ում տիրապետած տեղեկությունը գործի հարուցման համար էական նշանակություն ուներ, ինչը առանձնահատուկ կերպով գրավոր ներկայացրել էի,

- տրված բացատրություններով մնացել են բազմաթիվ չպատասխանված հարցադրումներ, որոնք քննիչը անտեսել է։ Կան բազմաթիվ իրարամերժ պնդումներ, որոնց հանգուցալուծումը քննող մարմինը տվել է ի օգուտ քաղաքապետարանի գործադիր պաշտոնյաների՝ փաստերը կշռադատելիս կողմնակալություն ցուցաբերելով,

- ՀՔԾ քննիչը գործի հանգամանքները վերհանելիս «շտապել» է գնահատականներ տալ այնպիսի երևույթների, որոնց վերհանումը այս փուլում չէր կարող իրականացնել,
- և վերջապես ՀՔԾն իրեն վերապահել է այնպիսի իրավական գնահատականներ, որոնք չէր կարող տալ և որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծել քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների համար։

Այս ամենը հաշվի առնելով կարծում եմ, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելը քաղաքական ազդեցությունների արդյունք է, որով փորձ է արվում կոծկել կատարված գործողությունների հանցավոր բնույթը։ Հավանաբար Փաշինյանը չէր կարող թույլ տալ, որ իր թիմի քաղաքապետը թեկուզ կարճվող գործում ունենար մեղադրյալի կարգավիճակ։

Իմ հրապարակային խոսքում երբևէ չեմ նշել, որ ներգրավված անձինք պետք է անպայմանորեն դատապարտվեն կամ առավել ևս ազատազրկվեն։ Դա դատարանի որոշելիքն է։ Բայց նույնիսկ քրեական գործի հարուցման մերժումը ինձ՝ որպես քաղաքապետի գործունեությունը վերահսկող ավագանու անդամի զրկում է արդարության վերականգնման ճանապարհին իրավապահ մարմինների գործողությունների միջոցով ապօրինությունները վերհանելու ակնկալիքից։ Նույնիսկ եթե քաղաքապետը, ինչպես որ նախատեսում է, ազատի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանին անփույթ գործավարության համար, միևնույնն է չեմ համարի խնդիրը լուծված, քանի որ բուն դերակատարները, ովքեր նախաձեռնել են այս ամենը չեն առերեսվի արդար քննության հետ։
Օրենքով նախատեսված կարգով վերադաս բողոք եմ ներկայացնելու գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել այս որոշումը և հարուցել քրեական գործ։ Ի վերջո ինձ հետաքրքիր է յուրայինները արտոնյա՞լ են, թե՞ ոչ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել