news.am: Այս օրենսդրական փաթեթի համաձայն՝ Հայաստանի տարածքում կարգելեն նյութեր արտադրել, որոնք նպաստում են օզոնային շերտի քայքայմանը: Այս մասին հունվարի 16-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը:
Փոխնախարարը նշեց, որ դրանից բացի, արգելքը կտարածվի այն երկրներից օզոնը քայքայող նյութերի ներմուծման վրա, որոնք համապատասխան կոնվենցիաների (Մոնռեալի եւ Վիեննայի – խմբ.) անդամ չեն: Կարգելվի նաեւ այդ երկրներ համանման նյութերի արտահանումը, արգելքը կտարածվի նաեւ Հայաստանի տարածքով օզոնը քայքայող նյութերի տարանցման վրա, եթե այդ նյութերն ուղարկվում են երկրներից, որոնք համապատասխան կոնվենցիաների անդամներ չեն:
«Ըստ էության, այս օրենսդրական փաթեթով կարգավորվում են օզոնը քայքայող նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման եւ տարանցման սահմանափակումները»,- պարզաբանեց Ղափլանյանը:
Նշենք, որ այս օրենսդրական փաթեթը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հաջորդ երկուշաբթի կներառվի հարցերի ցուցակում, որոնք ներկայացվելու են խորհրդարանականների քննարկմանը:
comment.count (0)