Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ավարտվեց Խուռհատ սարի գործով մեղադրյալ Իշխան Վահանյանի հարցաքննությունը։
Տուժող կողմի եւ դատավորի հարցերից հետո քննվեց Վահանյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման փոփոխության վերաբերյալ։
Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը համառոտ ներկայացրեց, որ Վահանյանը նման գրավոր միջնորդությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ինքը երկար ժամանակ գտնվում է կալանքի տակ, վկաների մեծ մասը արդեն հարցաքննվել է, ապացույցների մեծ մասը՝ հետազոտվել, ուստի կան բավարար հիմքեր կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու համար․ «Նշել է, որ օբյեկտիվ ճշմարտություն է, որ ինքը ունի զինվորականի 20 տարվա ստաժ, իսկ իր ծնողներն ունեն լուրջ առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է համարում ազատության մեջ գտնվել»,–ընթերցեց դատավորը։
– Մենք էլ ունենք,– արձագանքեցին զոհված զինծառայողների ծնողները։
Զոհված զինծառայողների ծնողները
Միջնորդության ընթերցումից հետո դատավորը մեղադրյալից հետաքրքրվեց՝ ավելացնելու բան ունի՞ արդյոք։
– Ուզում եմ ընտանիքիս կողքին լինեմ, էրեխեքիս կողքին լինեմ,– ասաց Վահանյանը։
– Մենք էլ էինք ուզում,–լսվեց ծնողների ձայնը։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առարկեց միջնորդության դեմ՝ խնդրելով այն մերժել․ «Թեեւ դատաքննության ընթացքում հարցաքննեցինք դատակոչված վկաներին, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ դատավարության մասնակիցները լրացուցիչ հարցաքննության միջնորդություն ունեն, եւ այդ վկաները եւս հանդիսանում են Վահանյանի համածառայակիցները, հնարավոր է՝ նաեւ ենթակաները, կարծում եմ՝ չնայած այս ծավալով հարցաքննված վկաներին, միակ խափանման միջոցը, որ կարող է երաշխավորել Վահանյանի պատշաճ վարքագիծը դատավարության ընթացքում, ինչու չէ, նաեւ դատավճռի հետ կապված, կալանքն է, եւ գրավով չենք կարող այդ բավարար երաշխիքները ունենալ»,– ասաց մեղադրողը՝ ընդգծելով, որ Վահանյանին մեղսագրվում է առանձնապես ծանր երկու հանցանք։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, փաստաբան Գայանե Հովակիմյանը
Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հաստատեց, որ իրենք լրացուցիչ վկաների հարցաքննության միջնորդություն ունեն, հիշեցրեց՝ կան նաեւ մի շարք ծնողներ, որոնց դեռ պետք է տուժողի իրավահաջորդ ճանաչել եւ նույնպես հարցաքննել․ «Վահանյանի խնդիրը չէ, միայն 90-ից ավելի զոհված զինծառայողների խնդիրը չէ, այլ նաեւ մնացածի․․․ Բացի այդ, նոր հանցագործության հատկանիշներ պարունակող պատասխաններ տրվեցին, եւ այդ առումով պետք է հաղորդում ներկայացվի․ եթե Դատախազությունը դա սեփական նախաձեռնությամբ չանի, մենք ենք անելու, իհարկե, տուժողների համաձայնությամբ, կարող է եւ թաքնվելու ռիսկ առաջ գալ»,– ասաց նա։
Տուժողների փաստաբան Գայանե Հովակիմյանը եւս միացավ առարկությանը․ «Տվյալ պահին կալանքի տակ գտնվելը Վահանյանի շահերից է բխում, ավելի ճիշտ է՝ հիմա կալանքի տակ գտնվի, դրանով նաեւ իր անվտանգության հարցն է ապահովվում, ուստի ես գտնում եմ, որ խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ»,– կարծիք հայտնեց նա։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը։
Հաջորդիվ միջնորդություն ներկայացրեց տուժող կողմը։ Մասնավորապես, Գայանե Հովակիմյանը միջնորդեց տուժողի իրավահաջորդ ճանաչել եւ հարցաքննել Խուռհատ սարում զոհված զինծառայողներ Լեւոն Գալստյանի մորը՝ Արմենուհի Գալստյանին, եւ Վահագն Խաչատրյանի մորը՝ Ալինա Գրիգորյանին (Վահագնի մասին կարող եք կարդալ այստեղ)։ Միաժամանակ Հովակիմյանը միջնորդեց որպես վկա դատակոչել եւ հարցաքննել 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանին, զորամասի հրամանատարի տեղակալ Աշոտ Մկրչտյանին, նաեւ՝ Արայիկ Հայրիյանին․ «Նրանց ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ, քանի որ դատական լսումների սկզբից մինչ այս պահը անընդհատ արծարածվում են նրանց անունները, սակայն չգիտես ինչու, նրանք ներգրավված չեն դատակոչի ցուցակում»,– ասաց Հովակիմյանը։
Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ նշված սպաները կոնկերտ Խուռհատ սարի հետ կապված իրադարձությունների մասին էական հանգամանքներ չեն նշի, սակայն մինչ այդ տեղի ունեցած դեպքերին առնչվում են, ուստի որոշումը թողեց դատարանի հայեցողությանը։ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը եւս դիրքորոշում չհայտնեց։
Դատավոր Ջոն Հայրապետյանը
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց՝ հիշյալ սպաների մասով միջնորդությունը բավարարել, իսկ ծնողների մասով առայժմ ձեռնպահ մնալ որոշում կայացնելուց՝ հաշվի առնելով, որ մեղադրանքի ծավալի մեջ դեռ պետք է փոփոխություն իրականացնել։
– Կա՞ մարդ, ում կցանկանաք կանչել դատարան՝ ի պաշտպանություն Ձեզ հարցաքննելու,– դիմելով Վահանյանին՝ հարցրեց դատավորը։ Նշենք՝ դա մեղադրյալի՝ օրենքով սահմանված իրավունքն է։
– Ի պաշտպանություն՝ ինչ կա, ասել եմ դատարանին, – պատասխանեց մեղադրյալը՝ ակնարկելով, որ կալանավորված մարդիկ կան, ժամանակը ամեն ինչ ցույց կա։
Դատավորը սեփական նախաձեռնությամբ որոշեց կրկին հարցաքննության հրավիրել 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանին (նրա նախորդ հարցաքննությունը՝ այստեղ) եւ Ջրականի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արթուր Քարամյանին (նրա հարցաքննությունը՝ այստեղ)։ Նշենք՝ Վահանյանի ցուցմունքի եւ հիշյալ սպաների ցուցմունքների մեջ դատարանում ի հայտ են եկել մի շարք հակասություններ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին։
Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ըստ քրեական գործի՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութին հարակից Խուռհատ սարում նա վիրավորման պատրվակով թողել է գումարտակի նորակոչիկ անձնակազմին եւ վիրավորներին տեղափոխող մեքենայով հեռացել։ Հրամանատարի ենթադրյալ փախուստին անկանոն նահանջն է հաջորդել․ զորքի մի մասը այլ սպաների հետ կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։
Երկու տարվա դատաքննության ընթացքում հայտարարություններ գրեթե չարած հրամանատարը մանրամասն ցուցմունք է տվել, պնդել, թե ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել, պատմել, որ իր համար էլ անհասկանալի է, թե ինչու նորակոչիկներին չցրեցին այլ ստորաբաժանումներում, երբ բոլորին էր պարզ, որ նրանք ի վիճակի չէին առանձին խնդիր կատարելու։ Ընդ որում, ըստ Վահանյանի, իրենց ոչ թե ասվել է, որ գնում են մարտական խնդրի, այլ պարզապես բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)