hetq.am: Երևանի Աջափնյակ համայնքի Տիչինայի փողոցի երթևեկելի հատվածից անհնար է չնկատել ճանապարհաեզրում գործող քարի բաց հանքավայրը։ Այդտեղ աղմուկով ու փոշի տարածելով աշխատում է ծանր տեխնիկան` էքսկավատորը և միաշերեփ անվային բարձիչը: Ճանապարհաեզրին կանգնած են փոխադրող բեռնատարները։ Որևէ գրություն կամ տեղեկատվական պաստառ, որ տարածքը գործող հանքավայր է, չկա։
Վարորդները և աշխատողները խուսափում են զրույցից։ Մեր հարցերին, թե որ հանքավայրն է կամ որ ընկերության տարածքում են աշխատում, պատասխանում են՝ չգիտենք։ Ըստ ամենայնի, ընկերության ղեկավարության հետ հեռախոսազանգից հետո, 5 րոպե անց մոտենում է տնօրենը, ով նաև ընկերության հիմնադիր-սեփականատերն է՝ Վալոդյա Գրիգորյանը։ Ընկերությունն այդպես էլ կոչվում է՝ «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ։
2016 թվականին հիմնադրված ընկերությունը Երևանում երկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունի։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից 2017-ին ստացել է ընդերքօգտագործման իրավունք միանգամից 2 տարածքի համար՝ Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայրի և Նորքի բազալտի հանքավայրի Լիլիթ-Գոռ տեղամասի համար։
Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայրը գտնվում է Աջափնյակ համայնքի հյուսիս-արևմտյան հատվածում գոյություն ունեցող արդյունաբերական հանգույցների հարևանությամբ: Հանքավայրը մոտակա բնակավայրին կամ կառուցապատված տարածքներին շատ մոտ է, մոտ 300 մ է հեռու:
Վալոդյա Գրիգորյանը պատրաստակամորեն ցույց է տալիս արդյունահանվող տարածքը և պատասխանում մեր հարցերին։ Պատմում է, որ տարածքից բազալտ են արդյունահանում, որը որակով համապատասխանում է շուկայում եղած պահանջարկին։ Բացի դրանից, բազալտի վերամշակման արտադրամաս ունեն, նաև բազալտ են արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ Վալոդյա Գրիգորյանը արտահանման ծավալները 2020-ին պատրաստվում է կրկնապատկել։ Նաև նախատեսում են մասնակցել Հայաստանում պետական շինարարական ծրագրերին։
«Քանի որ մեր Մերձավանի քարի արտադրամասը երկար տարիների պատմություն ունի, հենց բազալտ ենք կտրում, որոշեցինք ուրիշներից առնելու փոխարեն՝ մերը ունենալ։ «Արդիբաշ» ՍՊԸ-ից էինք օգտվում, որը հարակից տարածքում էր արդյունահանում իրականացնում»,- ասում է Վալոդյա Գրիգորյանը։
«Արդիբաշ» ՍՊԸ-ն 2017-ին հրաժարվել է այդ տեղամասի ընդերքօգտագործման իրավունքից։ Նույն տարվա ապրիլին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ստորագրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի հրամանը։ Իսկ մինչ այդ՝ 2017թ․ փետրվարի 7-ին, «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն ստացել է նույն տեղամասի համար ընդերքօգտագործման իրավունք։ Տնօրենի հավաստմամբ, 2017թ․ երրորդ եռամսյակից սկսել են բազալտ արդյունահանել այդտեղից։
«Լավ բազալտը հիմնականում Երևան համայնքում է։ Սա թե չափերով, թե ծավալներով փոքր հանքավայր է համարվում, ճիշտ է՝ շահագործման իրավունքը 18 տարի ժամկետով է, որը 18 տարվա մեջ, կարծում եմ, կսպառվի»,- ասում է Վալոդյա Գրիգորյանը։
Վերջինս նշում է, որ 1,6 հա տարածք են վերցրել Երևան համայնքից այս հանքավայրի շահագործման համար։ Լրացուցիչ ուսումնասիրություն, նախքան շահագործումը, չեն իրականացրել, վերցրել և հիմք են ընդունել խորհրդային տարիների ուսումնասիրությունները։ Հորատման և հավելյալ ծախսերից խուսափելու համար Վալոդյա Գրիգորյանը որոշել է հիմնվել նախկին տվյալների վրա։
«Այստեղ պաշարների հետ կապված խնդիրներ կան, ոնց որ նստած է մեր վրա պաշարները, չի համապատասխանում տոկոսային առումով երկրաբանական ֆոնդի տվյալներին։ Պետք է հանձնաժողով ստեղծվի, փորձաքննություն անցնի նորից»,- ասում է հանքավայրը շահագործողը։
Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում ենք ուղարկել՝ պարզելու, թե որքան տարածք է տրամադրվել ընկերությանը և որքան վարձավճար է սահմանվել տարածքում ընդերքօգտագործում իրականացնելու համար։ Պարզվեց, «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն առհասարակ որևէ պայմանագիր չունի Երևանի համայնքապետարանի հետ։
Երևանի քաղաքապետարանն առաջին պատասխանում տեղեկություններ է հայտնել ընկերության Նորքի բազալտի հանքավայրի Լիլիթ-Գոռ տեղամասի մասին։ Սակայն Աջափնյակի տեղամասի համար տեղեկատվություն չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ տվյալ ընկերության հետ Աջափնյակի այդ հատվածում ընդերքօգտագործման համար պայմանագիր կնքված չկա։ Ավելի ուշ, մեր կրկնակի հարցադրումից հետո, քաղաքապետարանը հայտնեց, որ «հողամասի սահմանների ճշտման աշխատանքների ավարտից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության հետ հնարավոր կլինի կնքել վարձակալության պայմանագիր»:
Էկոլոգիական իրավունքի մասնագետ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ եթե փաստացի ընդերքօգտագործում է իրականացվում, որի դեպքում չկա համայնքի հետ կնքված հողօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ, ապա օրենքով ընդերքօգտագործում չէր կարող իրականացվել։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)