2019-ին ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով և այլ միջոցներով:
Այս և մի շարք այլ տվյալներ ներկայացրել են պաշտպանության նախարարությունը` 2019-ի հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագրում։
Այսպիսով, նշվում է, որ հաստատվել է ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը, անցկացվել են մարտավարական զորավարժություններ և հսկողական պարապմունքներ, աշխատանքներ են տարվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ, վերանայվել են ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերը, բարձրացվել է զինծառայողների դրամական բավարարման չափը, աշխատել են թիկունքային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ:
Նշվում է նաև, որ ավելի քան 40 զորամասում իրականացվում է սննդի պատրաստման և մատուցման փորձնական ծրագիր: ՀՀ զինված ուժերում ներդրվել է նոր տեսակի կիսաճտքավոր կոշիկներ, առավել որակյալ և հարմարավետ գուլպաներ և տաք ներքնաշորեր:
ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել բնակելի 5 շենք՝ Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում և Չոփրլուում (2020-ի հունվարի 28-ին նախատեսվում է ևս 2 շենքի հանձնում):
Իրականացվում են 1998-2007թթ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում նրանց ընտանիքը որպես Հիմնադրամի շահառու կհաշվառվի և սահմանված կարգով և չափերով ամսական վճարումներ կստանա:
2019 թվականին ՀՀ ռազմական բյուջեն կազմել է մոտ 301 մլրդ դրամ: 2019-ի դեկտեմբերի 6-ին ամբողջությամբ ընդունել է ՀՀ 2020-ի բյուջեն, որով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 307,2 մլրդ դրամ:
comment.count (0)