Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 18-ին հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը` Թբիլիսի):
Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցերը:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է Լատվիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում: Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
comment.count (0)