Սարգիս Խանդանյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1990թ. հունիսի 24-ին Գավառում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագետ: 2013թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը: Մարդաբանության մագիստրոս:

2010-2015թթ. աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարի հեղինակ: 2014-2015թթ.՝ «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու,  մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին: 2015-2016թթ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու:

2016-2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: 2018-2019թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2018 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Բաքուն դեռ չի արձագանքել խորհրդարանականների միջև հանդիպում անցկացնելու Երևանի առաջարկին |armenpress.am|

Բաքուն դեռ չի արձագանքել խորհրդարանականների միջև հանդիպում անցկացնելու Երևանի առաջարկին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկը դեռևս չի արժանացել արձագանքի։  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պետք է սկսվեն բանակցություններ դրա ստորագրման վայրի, ժամի և հետագա ընթացքի վերաբերյալ, ես պատեհ համարեցի դիմել Ադրբեջանի խորհրդարանական գործընկերոջս՝ այս հարցերի շուրջ քննարկում ունենալու առաջարկով։ Սակայն մինչև այս պահը որևէ արձագանք չկա»,-ասաց Խանդանյանը։ Նրա խոսքով՝ իր նամակում նշված է եղել նաև հնարավոր հանդիպման տեղանքը։ «Նամակի վերջում առաջարկել էի, օրինակ, հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի որևէ չեզոք հատվածում։ Հուսով եմ՝ դրական արձագանք կլինի»,-հավելեց ԱԺ հանձնաժողովի նախագահը։ 
12:27 - 27 մարտի, 2025
Սարգիս Խանդանյանն իր ադրբեջանցի գործընկերոջն առաջարկել է խորհրդարանական հանձնաժողովների հանդիպում անցկացնել

Սարգիս Խանդանյանն իր ադրբեջանցի գործընկերոջն առաջարկել է խորհրդարանական հանձնաժողովների հանդիպում անցկացնել

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել  է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Սարգիս Խանդանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  «Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ, ինչը նշանավորում է փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը։ Կարևորելով մեր դերը՝ որպես ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված և նրանց շահերը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնած խորհրդարանականներ, մենք գիտակցում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ես առաջարկել եմ իմ պաշտոնակցին՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին, մեր գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել։  Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում: Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել է Խանդանյանը։  Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։   
15:58 - 20 մարտի, 2025
Մենք հակված ենք նախագիծը ընդունելու. Խանդանյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մասին
 |1lurer.am|

Մենք հակված ենք նախագիծը ընդունելու. Խանդանյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մասին |1lurer.am|

1lurer.am: Ինչպես հայտնել էինք՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ այս քառօրյայում չի ընդգրկվի: Ընդդիմությունը և տարբեր մարդիկ կարող են տարբեր աստառներ կարել այս իրավիճակին, որը շատ պարզ, տեխնիկական հարց է: Այն նախագծի իրավական տեխնիկային է վերաբերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով քննադատություններին՝ արդյո՞ք սա հետքայլ է նշանակում իշխանությունների կողմից: Հիշեցնենք՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել էր, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ: Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է երկու ամիս ժամկետով: «Կառավարությունն արել է առաջարկներ և երեկ պարզվեց, որ նախաձեռնությունը ներկայացնողները կարծես թե հակված չեն ընդունելու առաջարկները: Դրա պատճառով քվեարկությունը ընդմիջվեց, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը և կվերսկսվի մոտ ապագայում, մինչև կձևավորվի կոնսենսուս մեր և նախաձեռնողների միջև»,- պարզաբանեց Խանդանյանը: Ճշտող հարցին՝ որն է խնդիրը, պատգամավորը պատասխանեց՝ շատ մանրամասն տեղյակ չէ, թե որ ձևակերպումն է խնդրահարույց: «Կարծեմ նախաբանի մեջ կա որոշակի ձևակերպում, որը Կառավարությունն առաջարկել է հանել՝ հաշվի առնելով, որ սա օրենք է, հռչակագիր չէ, որպեսզի իրավական առումներով ավելի կոռեկտ լինի նախագիծը, և այստեղ ես որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չեմ տեսնում»,- նշեց նա: Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք չկա նախագծից հետ կանգնելու միտում, Խանդանյանը տվեց բացասական պատասխան: Նրա խոսքով՝ եթե միտում լիներ, ընդհանրապես կարելի էր հետաձգել, և հանձնաժողովի նիստ անելու կարիք գուցե չառաջանար: «Բայց մենք հակված ենք նախագիծը ընդունելու»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ուկրաինայի միջև զուգահեռներ տանելու վերաբերյալ հնչող քննադատություններին, ընդգծեց՝ յուրաքանչյուր կոնտեքստ յուրահատուկ է: «Վառ երևակայության դեպքում հնարավոր է նման եզրահանգումների գալ, բայց մեր արտաքին քաղաքական դիրքավորումը և կուրսը հայտնի են մեր հանրությանը և նաև ընդդիմությանը: Մենք այդ կուրսից չենք շեղվում: Ես չէի ցանկանա, որ բացարձակ այլ կոնտեքստում տեղի ունեցած իրադարձությունը կապվի Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ»,- խոսքը եզրափակեց ՔՊ խմբակցության պատգամավորը։
17:50 - 04 մարտի, 2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Առանձնազրույցի ընթացքում Ռուսլան Ստեֆանչուկը, ողջունելով Սարգիս Խանդանյանի այցն Ուկրաինա, կարեւորել է երկու երկների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը, մասնավորապես` երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարեւորությունը: Սարգիս Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը: Նա Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ռուսլան Ստեֆանչուկը, կարեւորելով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդումը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ժողովրդավարական զարգացման ուղուն: Սարգիս Խանդանյանն Ուկրաինա է մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին:
12:55 - 14 փետրվարի, 2025
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան |armenpress.am|

armenpress.am:  -Պարոն Խանդանյան, Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 14-ին, ընդունելով Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանին, հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունն է, որ հրաժարվել է Բրյուսելյան հարթակում ընթացող բանակցությունները շարունակելուց: Մինչդեռ Հայաստանի կառավարությունը մի փոքր այլ կերպ էր ներկայացնում:  -Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է պարզապես հղում կատարենք փաստերին: 2023թ. հունիսին Քիշնեւում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հնգակողմ հանդիպումը, որպես բրյուսելյան քննարկումների ամփոփման հարթակ: Պայմանավորվածություն ձեռքբերվեց այդ ձեւաչափով հաջորդ հանդիպումը ունենալ նույն թվականի հոկտեմբերին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում՝ Բրյուսելում առաջիկա եռակողմ հանդիպումից հետո: Բրյուսելում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ 2023թ. հուլիսի 15-ին, իսկ Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել: Գրանադայից անմիջապես հետո ԵՄ խորհրդի նախագահ Միշելը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, և կողմերն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը։ Այնուամենայնիվ, հետագայում ադրբեջանական կողմը հրաժարվեց այս հանդիպումից եւս։ 2024 թվականի փետրվարի 2-ին վարչապետ Փաշինյան - նախագահ Միշել հեռախոսազրույցում վերջինս առաջարկել էր Բրյուսելում եռակողմ հանդիպում ունենալ մարտի սկզբին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպումն անցկացնել մարտի 12-ին: Հետագայում Ադրբեջանը հրաժարվեց նաեւ այդ հանդիպումից: Ապրիլին Շառլ Միշելը նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ առաջարկելով Բրյուսելում անցկացնել եռակողմ հանդիպում։ Վարչապետ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, իսկ ադրբեջանական կողմը հրաժարվել էր հանդիպումից։ Հավելեմ, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ստանձնած հումանիտար բնույթի մի շարք հանձնառություններ, ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ: -Բայց Ադրբեջանը փաստարկում է, որ Հայաստանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հուլիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում հանդիպման առաջարկից: -Հայաստանը ոչ թե հրաժարվել, այլ նպատակահարմար չի համարել նոր ֆորմատով հանդիպումը եւ Ադրբեջանին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ունենալ երկկողմ հանդիպում, ինչից հրաժարվել է Ադրբեջանը, որն ավելի վաղ հրաժարվել էր հնգակողմ ֆորմատով հանդիպումներից: Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիեւին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել: 
16:54 - 15 հոկտեմբերի, 2024
Մի օր գալու է այդ օրը՝ դուրս ենք գալու ՀԱՊԿ-ից, կարծում եմ՝ ՀՀ-ն չունի հետդարձի ճանապարհ․ Սարգիս Խանդանյան
 |factor.am|

Մի օր գալու է այդ օրը՝ դուրս ենք գալու ՀԱՊԿ-ից, կարծում եմ՝ ՀՀ-ն չունի հետդարձի ճանապարհ․ Սարգիս Խանդանյան |factor.am|

factor.am: «Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Հայաստանը միջազգային տարբեր ֆորմատներին մասնակցություն է ունենում։ Մենք BRICS-ի անդամ չենք պատրաստվում դառնալ՝ անդամակցել, և նաև՝ Հայաստանը BRICS-ի անդամ մի շարք երկրների հետ ունի շատ բազմաբնույթ հարաբերություններ։ Ես չգիտեմ՝ ՀՀ-ն BRICS-ի կանոնադրության համաձայն մասնակցում է դիտորդի՞, թե՞ հրավիրյալի կարգավիճակով։ Այստեղ որևէ ինտրիգ չէի փորձի գտնել»,- Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին վարչապետի մասնակցության վերաբերյալ հարցին։ Ինչպե՞ս է ժողովրդավարական և եվրոպական ձգտումների մասին հայտարարող Հայաստանը մասնակցում հիմնականում բռնապետական երկրներից բաղկացած միավորի գագաթնաժողովին։ «Ես հասկանում եմ այդ հարցի ենթատեքստը, որ անընդհատ․․․ տրամադրվածություն կա, որ Հայաստանը ունենալով եվրոպական որոշակի ձգտումներ այս փուլում, ինչո՞ւ է մասնակցում։ Իսկ օրինակ՝ ինչպիսի՞ն է Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի և եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Մենք ունենք զարգացող հարաբերություն Չինաստանի հետ, հրաշալի հարաբերություն՝ Հնդկաստանի հետ»։ Այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության մասնակցելու է «հակաարևմուտքի» համբավ ունեցող կառույցի գագաթնաժողովին, արդյո՞ք ՀՀ-ն չի զրկվի արևմտյան աջակցությունից, Սարգիս Խանդանյանը արձագանքեց․ «Դուք կարծում եք՝ Հնդկաստանի վարչապետը մասնակցելով BRICS-ի գագաթնաժողովին, իրեն դիրքավորում է որպես հակաարևմուտքի գործի՞չ։ Ես կարծում եմ՝ չափազանցված եզրակացություն և գնահատական է, թե մասնակցելով BRICS-ի գագաթնաժողովին՝ կզրկվի արևմտյան աջակցությունից։ Հայաստանը տարբեր ֆորմատներով քննարկումների է մասնակցում։ Նաև ԱՊՀ գագաթնաժողովն է լինելու, որին ենթադրում եմ վարչապետը կմասնակցի, որովհետև ԱՊՀ անդամ երկիր ենք։ Մենք մասնակցում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումների։ Եկեք խոստովանենք, որ աշխարհը շատ խառն է հիմա, և սև ու սպիտակ չէ։ Պետք է փորձել բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ»։ Հարցին, այսինքն՝ մարդիկ հույսը կտրե՞ն, որ ՀՀ-ի իշխանությունները կորոշեն ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալ, առավել ևս՝ ԵՄ անդամակցության թեկնածուի հայտ ներկայացնելը դժվար է պատկերացնել BRICS-ի գագաթնաժողովին մասնակցող ՀՀ-ի պարագայում․ «Ինչո՞ւ, ես խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերվում է եվրոպական ինտեգրման պրոցեսին կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման պրոցեսին, դա արդյունքներով է արձանագրվում՝ սկսում ենք վիազների ազատականացման երկխոսություն, մաս դարձանք Եվրոպական խաղաղության ֆոնդին, գործընկերության նոր օրակարգն է մշակվում։ Թող մարդիկ հույսը չկրտեն։ ՀԱՊԿ-ի հետ կապված անձամբ ես կարծում եմ՝ ՀՀ-ն չունի հետդարձի ճանապարհ։ Մի օր գալու է այդ օրը, որ ՀՀ-ն դուրս է գալու ՀԱՊԿ-ից»,- ասաց Խանդանյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
15:38 - 06 սեպտեմբերի, 2024
ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է. Խանդանյան
 |1lurer.am|

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է. Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի շրջանակում ադրբեջանական կողմի դիտարկմանը, թե եվրադիտորդները պետք է հեռանան ՀՀ-ից: «ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիթորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի այստեղ Հայաստանն ու ԵՄ-ն պիտի որոշեն՝ երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները: Երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, երբ ավարտվի սահմանազատման գործընթացը, և լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիթորինգի անհրաժեշտություն այլևս չկա: Բայց այս պահին նման հարցը չի քննարկվում»,- ասաց նա:
15:39 - 04 սեպտեմբերի, 2024
Խաղաղության պայմանագրի առանցքային կետերը համաձայնեցված են, Բաքվի կողմից դրա ստորագրումը քաղաքական կամքի հարց է. Սարգիս Խանդանյան |armenpress.am|

Խաղաղության պայմանագրի առանցքային կետերը համաձայնեցված են, Բաքվի կողմից դրա ստորագրումը քաղաքական կամքի հարց է. Սարգիս Խանդանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբդեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային կետերը համաձայնեցված են։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։  «Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է, և Բաքուն պետք է պաշտոնապես արձագանքի Հայաստանի կողմից ուղարկված խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությանը։ Այն, ինչ ուղարկել է Հայաստանը, արդեն համաձայնեցված է, և այս պարագայում Ադրբեջանի կողմից պայմանագրի ստորագրումն արդեն քաղաքական կամքի հարց է»,- ասել է Խանդանյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է որոշ կետեր։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագծում արդեն իսկ համաձայնեցված կետերով ստորագրել պայմանագիրը, իսկ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ համաձայնություն չկա, քննարկումները շարունակել։ Վարչապետն ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից 13-ը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են։  
15:08 - 04 սեպտեմբերի, 2024
Սարգիս Խանդանյանը և Սերբիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային հարցերի

Սարգիս Խանդանյանը և Սերբիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային հարցերի

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ առանձնահատուկ են Հայաստան-Սերբիա հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Սերբիան եվրոպական այն քիչ երկրներից է, ուր ՀՀ քաղաքացիները մեկնում են առանց մուտքի արտոնագրի պահանջի: Կողմերը խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Նշվել է, որ Սերբիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանի հետ կձևավորվի բարեկամական խումբ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ Սերբիան ու Հայաստանը բարեկամական երկրներ են և ունեն շատ նմանություններ: Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը կարևորել է երկկողմ համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: Զրուցակիցներն արձանագրել են տնտեսական, անվտանգային, կրթական, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգային հարցերի: Կողմերը կարևորել են Հարավային Կովկասում և Բալկաններում հարատև խաղաղության հաստատումը:
17:35 - 25 հունիսի, 2024
Սարգիս Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը

Սարգիս Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջև հեռավորությանը` մի շարք ոլորտներում` կրթության, զբոսաշրջության, առևտրատնտեսական, անվտանգային, համագործակցության մեծ ներուժ կա: Սարգիս Խանդանյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին` այս հարցում կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Սարգիս Խանդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ Կառավարությունը վերջերս հաստատել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:10 - 20 հունիսի, 2024
Սարգիս Խանդանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Սարգիս Խանդանյանը Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 18-ին հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցերը: Հանձնաժողովի նախագահը կարևորել է Լատվիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում: Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
21:58 - 18 հունիսի, 2024
Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեն գեներացվում իշխանության կողմից. Սարգիս Խանդանյան
 |tert.am|

Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեն գեներացվում իշխանության կողմից. Սարգիս Խանդանյան |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոն նամակ չի ուղարկել Հայաստանի Ազգային ժողով, նամակն ինձ ուղարկել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը` բովանդակությամբ, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի արտահայտած տեսակետը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Ես անտրամաբանական համարեցի այդ հարցին պատասխանելը, քանի որ, երբ ԱԺ նախագահը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս հարցի պատասխանը այո է։ Արտահայտված միտքն առնվազն արտացոլում է Խորհրդարանի իշխող մեծամասնության դիրքորոշումը»,- ասաց նա։ Խանդանյանի խոսքով՝ իր պատասխան նամակում նշել է սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով։ «Եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից։ Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում»,- նշեց Խանդանյանը:      
18:09 - 17 մայիսի, 2024
Ես իմ հայտարարությունների տերն եմ․ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՌԴ Պետդումայի գրությանը պատասխանել Սարգիս Խնդանյանը |tert.am|

Ես իմ հայտարարությունների տերն եմ․ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՌԴ Պետդումայի գրությանը պատասխանել Սարգիս Խնդանյանը |tert.am|

tert.am:  Ես գրություն չեմ ստացել, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանը ուղարկել էր, ուղղակի այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար էր այդպես արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք պատասխանելու է ՌԴ պետդումայի ուղարկած գրությանը։ «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ տեղյակ է, թե ինչ է Խանդանյանը պատասխանել, բայց չհայտնեց այդ տեղեկությունը, որովհետև, ըստ նրա, դա իմաստ չունի։ «Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, ինչ-որ ասել եմ տեղին եմ ասել։ Ի՞նչ է նշանակում ում անունից եմ արել հայտարարություներս, եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովորդին, դա իրենց խնդիրն է, ՀՀ-ում իշխանությունը և նաև ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»,- հավելեց նա։ Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։ Նշենք նաև, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
13:46 - 06 մայիսի, 2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխհամագործակցության հետեւողական զարգացումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԵԽ քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրենը նշել է, որ հայկական պատվիրակությունը բավականին ակտիվ եւ կառուցողական գործունեություն է ծավալում ԵԽԽՎ-ում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործընկերության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցերին:
22:43 - 09 ապրիլի, 2024
Խանդանյանը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

Խանդանյանը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Էնդրյու Թըրներին առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խորացմանը: Խոսելով հայ-կանադական միջխորհրդարանական կապերի զարգացման դրական դինամիկայի մասին՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցության չիրացված ներուժ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կարևորելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունն առաքելությանը: Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ կանի առավելագույնը նպաստելու խորհրդարանական կապերի սերտացմանը: Էնդրյու Թըրները նույնպես կարևորել է Կանադայի և Հայաստանի միջև ոլորտային համագործակցության զարգացումը:
17:45 - 05 ապրիլի, 2024