Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջև հեռավորությանը` մի շարք ոլորտներում` կրթության, զբոսաշրջության, առևտրատնտեսական, անվտանգային, համագործակցության մեծ ներուժ կա:
Սարգիս Խանդանյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին` այս հարցում կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Սարգիս Խանդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ Կառավարությունը վերջերս հաստատել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
comment.count (0)