Հավաքներին մասնակցելուն Վանաձորի բնակչի կողմից համաքաղաքացիներին շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
17:50 - 28 հունիսի, 2024

Հավաքներին մասնակցելուն Վանաձորի բնակչի կողմից համաքաղաքացիներին շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27-ամյա երիտասարդը, թիրախավորելով սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպվող հավաքներին և բողոքի ակցիաներին:

«Մասնավորապես, հիշյալ քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրելով սնունդ և 3000-ական ՀՀ դրամ՝ 27-ամյա երիտասարդը տարբեր օրերի միկրոավտոբուսներով և մարդատար ավտոմեքենայով փոխադրել է նրանց Երևան քաղաք, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզեր,  որտեղ նրանք մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացված հավաքներին, ինչպես նաև ճանապարհների փակման ակցիային:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել