Կառավարությունը դրամաշնորհի ձևով ավելի քան 3 միլիոն դրամ հատկացրեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին
12:07 - 15 օգոստոսի, 2024

Կառավարությունը դրամաշնորհի ձևով ավելի քան 3 միլիոն դրամ հատկացրեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին

ՀՀ կառավարությունը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով 3 160 000 ՀՀ դրամ կհատկացնի: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Համապատասխան նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ, ինչպես նաև միջոցառումների հետ կապված ծառայություններ՝ «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման նպատակով: 

Վարչապետի աշխատակազմի կարիքների համար անհրաժեշտ ապրանքները նախատեսվում են ձեռք բերել ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում, իսկ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով է հատկացվելու 3 մլն 160 հազար դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ «TOUR DE SEVAN 2024»-ը Սևանի շուրջ կազմակերպվող հեծանվարշավ է լինելու, որի նպատակով անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև է ընտրվել հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, քանի որ գնման որևէ մրցակցային ձևի կիրառումը, ըստ վարչապետի աշխատակազմի, ժամկետի առումով հնարավոր չէ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի: Ըստ հիմնավորման՝ նախագիծը միտված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ սահմանված հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորման քաղաքականության իրականացմանը․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեծանվավազքի վարչապետի գավաթում տեղի են ունեցել փոփոխություններ, և այսուհետ դրան մասնակցելու են միայն աշակերտները, բնակչության մասնակցությունը զանգվածային մարզական միջոցառումներին խթանելու, բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի արմատավորման նպատակով կազմակերպվում է նաև «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավը»,- նշված է փաստաթղթում:

Նշենք, որ այս նախագիծն ընդգրկված է եղել այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ «ՀՀ 2024թ․ պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ և ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի երկրորդ կետն էլ մակագրված է «գաղտնի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել