ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|
14:03 - 13 հունվարի, 2025

ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունն էականորեն աջակցելու է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցներ ձեռք բերող տնտեսվարողներին և նրանց ծառայություններից օգտվող ֆերմերներին: Մշակման փուլում է նաև սպանդանոցային մորթի անվճար ծառայության ներդրման ծրագիրը: 

Այս մասին 2024 թվականի ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նա նշեց, որ կառավարությունը բարելավել է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցների ձեռքբերմանը միտված լիզինգային ծրագրերը: 

«Մոտավորապես 20 մլն դրամ է շարժական մեկ սպանդանոցի արժեքը, որի ձեռքբերման համար պետք է կատարել 20 տոկոս կանխավճար, այսինքն՝ մոտ 4 մլն դրամ: Դրանից 3.6 միլիոնը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է տալիս, 400 հազարն՝ անհատը: Այսինքն, առաջին ներդրումը 400 հազար դրամ է: Հետո տնտեսվարողը պետք է մարի 16 մլն դրամը: Իսկ այդ գումարի տոկոսները նույնպես փակելու է կառավարությունը: Իրեն մնում է մորթն անել և այդ շահույթից իր գումարը վճարել: Տարբեր գնահատականներով՝ դա 5-6 տարվա փոխարեն հնարավոր է անել 1-2 տարում: Այսինքն, դա շատ շահութաբեր է»,- հայտնեց նախարարը:

Կառավարությունը փոխհատուցելու է նաև սպանդանոցային ծառայությունների մատուցման արդյունքում տնտեսվարողների մոտ գոյացող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը:

«Սպանդանոցային մորթի պայմաններում տնտեսվարողներն անցնում են ԱԱՀ-ի շեմը և ստացվում էր, որ սպանդանոցային մորթի պարագայում ապրանքի գինը մոտավորապես 15 տոկոսով ավելի թանկ է լինում, քան ոչ սպանդանոցային մորթի դեպքում կամ այն սպանդանոցների, որոնք ԱԱՀ-ի շեմը չեն անցնում: Այդ տոկոսը փոխհատուցում ենք և արդյունքում գինը իջնում է: Այսինքն, այդպիսի խնդիր այլևս չկա»,- նշեց Գևորգ Պապոյանը: 

Նրա խոսքով՝ հիմա մշակման փուլում է ծրագրի մեկ այլ բաղադրիչ, որը նախատեսում է սպանդանոցային մորթի անվճար ծառայության մատուցում: «Այսինքն, գյուղացին, ֆերմերը այլևս չի վճարելու սպանդանոցային մորթի համար: Մորթն իրականացնելու է անվճար, և մենք փոխհատուցելու ենք այդ մորթի գումարն, իհարկե, միջինացված արժեքի չափով: Այսինքն, այդ հարցը նույնպես լուծում ենք»,- հայտարարեց նախարարը:            


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել