Գեւորգ Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան |news.am|
10:50 - 11 դեկտեմբերի, 2019

Գեւորգ Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան |news.am|

news.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը բողոքարկել է Գեւորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշումը վերացնելու համար։ Այս մասին ասաց Գեւորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը։

Նա նշեց, որ բողոքը ներկայացրել են դեկտեմբերի 9-ին։

Սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, եւ դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի անունները:

Մասնավորապես, ըստ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաեւ 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները եւ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:

Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել