forrights.am։ «Առանց ոստիկանությունը էապես բարեփոխելու, այս պահի դրությամբ նպատակահարմար չենք գտնում նման լիազորություն տալ ոստիկանությանը»։ Այս մասին ասաց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին։
Երեկ Ազգային ժողովում քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար:
Ըստ փոխնախարարի՝ այդ հարցը պետք է համալիր կարգավորույմ ստանա, այսինքն դիտարկվի քրեադատավարական նոր օրենսդրության և ոստիկանության զարգացման ռազմավարության համատեքստում․
«Կառավարության դիրքորոշումը հետևյալն է, որ որպես քաղաքականություն մշակող մարմին նպատակահարմար ենք գտնում համակողմանի կարգավորումներ կանխատեսել հարցի կապակցությամբ և նման հնարավորություն տալ ոստիկանությանը բարեփոխումների ռազմավարությունը պատրաստ լինելուց հետո»,-մանրամասնեց նա։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ գործող գործիքակազմը հնարավորություն տալիս է ոստիկանությանը օպերատիվ և արագ հանցագործությունները բացահայտելու համար, իսկ օրենքի ընդունումը «պետք է արվեր մի փոքր ուշ»։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։
«Միաժամանակ, քանի որ ունենք միջազգային բազմաթիվ պահանջներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությանը։ Երկու քննչական մարմին ունենալու են այս հնարավորությունը»,- ասաց Սրբուհի Գալյանը։
Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, եթե Ազգային անվտանգության ծառայությունը ունի գաղտնալսման իրավունք և թույլտվություն, ապա ոստիկանությունը ևս պետք է ունենա․
«Պայմանով, որ և՛ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ Ոստիկանությունը պետք է օգտվեն միայն և միայն դատարանի թույլտվությամբ»,-նշեց իրավապաշտպանը, հավելելով, որ եթե խնդիրը վերաբերվում է հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը, ապա նրանքն պետք է դիմեն դատարան՝ ստանան համապատասխան թույլտվությունը, ինչպես և պահանջում է օրենքը։
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ նախկինում ոստիկանությունը ունեցել է նման իրավունք․ «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ իրավունքից Ոոստիկանությանը զրկել են, տալով այդ մենաշնորհը ԱԱԾ-ին։
Շարունակությունը՝ forrights.am-ում
comment.count (0)