Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդին
21:07 - 11 սեպտեմբերի, 2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը ողջունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը՝ հիմնված հայ և իրաքցի ժողովուրդների՝ հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ համակրանքի ու բարիդրացիական համակեցության վրա:

«Մեր երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և տարբեր մակարդակի փոխայցելությունները շարունակական բնույթ են կրում: Այս համատեքստում կարևոր իրադարձություններ էին Իրաքի Հանրապետության մեծարգո նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի պաշտոնական այցը Հայաստան և իմ պաշտոնական այցն Իրաքի Հանրապետություն: Մեր քննարկումների ընթացքում մենք արձանագրեցինք, որ ունենք մեծ հնարավորություններ և ներուժ մեր երկրների հարաբերությունների զարգացման առումով, հակտապես՝ չօգտագործված մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում»,- մասնավորապես նշել է նախագահ Խաչատուրյանը:

Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.

«Հայաստան կատարած մեր այցը պայմանավորված է երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորությամբ և մարդասիրական հարցերի շուրջ լիակատար համակարծիք լինելով»:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են կայացած դատաիրավական համակարգի դերը պետությունների ինքնիշխանության, ժողովրդավարության և օրինակարգության ամրապնդման գործում: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրաքի պետական ինստիտուտների նմանությունների և ընթացիկ բարեփոխումների կարևորության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման հնարավորություններին և այս տեսանկյունից շեշտվել է առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ շարունակական քայլերի կիրառման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել