hetq.am: ԱՄՆ պետքարտուղարությունը և Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը կոչ են արել իրենց քաղաքացիներին շտապ լքել Լիբանանի տարածքը՝ տարածաշրջանում Իսրայելի և լիբանանյան Հեզբոլահ շարժման միջև հարաբերությունների հերթական սրման ֆոնին: Համապատասխան հաղորդագրությունները հայտնվել են շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին, դիվանագիտական գերատեսչությունների կայքէջերում։
Պետքարտուղարությունում մատնանշել են Իսրայելի և Հեզբոլահի միջև հակամարտության անկանխատեսելի բնույթը ու ամերիկյան անձնագիր ունեցողներին կոչ արել այդ պատճառով «հեռանալ Լիբանանից, քանի դեռ պահպանվում է կոմերցիոն չվերթներից օգտվելու հնարավորությունը»։
Հորդանանի ԱԳՆ-ն, իր հերթին, համաքաղաքացիներին խստորեն խորհուրդ է տվել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ բնակվողներին կամ գտնվողներին «որքան հնարավոր է շուտ լքել լիբանանյան տարածքը»: Իր կոչը Ամմանը կապել է նաև լիբանանա-իսրայելական սահմանին լարվածության հետ:
comment.count (0)