factor.am: Փորձագետները նշում են, որ ստորագրված փաստաթուղթը «կանաչ լույս» է տալիս ներդրումային համաձայնագրերին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնական հարստություններով հարուստ արևելքում։ Ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ իր վարչակազմը նախկինում խաղաղություն էր հաստատել Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Իսրայելի և Իրանի միջև, փոխանցում է Euronews-ը։
«Հույսի և հնարավորությունների, ներդաշնակության, բարգավաճման ու խաղաղության նոր գլուխ»՝ այսպես է բնութագրել ԱՄՆ նախագահը ուրբաթ օրը Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը Կոնգոյի և Ռուանդայի միջև։ Համաձայնագիրը հիմնված է ապրիլին երկու երկրների հաստատած սկզբունքների հռչակագրի վրա և ներառում է «տարածքային ամբողջականության հարգման և ռազմական գործողությունների դադարեցման» դրույթները՝ Կոնգոյի արևելքում, որտեղ վերջին ամիսներին Մ23 զինված խմբավորումը հարձակումներ էր իրականացնում։
Նշվում է նաև «Ռուանդայի Դեմոկրատական Ազատագրական Ուժերին և նրանց հետ կապված ապստամբ խմբերին պետական աջակցությունը վերջնական և վերահսկելի ձևով դադարեցնելու» պարտավորությունը։
Այս հակամարտությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության և բազմաթիվ զոհերի։ Բայց ինչպես հայտարարել է Թրամփը, «այսօր բռնություններին և ավերածություններին վերջ է տրվում, և տարածաշրջանում սկսվում է նոր ժամանակաշրջան»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի վերջ դնել 30 տարվա պատերազմին։ Նա ընդգծել է, որ դեռ շատ բան կա անելու։ Արարողությանը մասնակցում էին նաև Կատարի, Տոգոյի և Աֆրիկյան Միության ներկայացուցիչներ։ Ռուանդայի ԱԳ նախարար Օլիվիե Նդուհունգիրեն շնորհակալություն է հայտնել Թրամփին և կոչ է արել ապահովել համաձայնագրի կատարումը՝ նշելով.
«Անցյալում բազմաթիվ միջնորդական փորձեր են եղել, բայց ոչ մեկը հաջողությամբ չի ավարտվել։ Մենք հավատում ենք, որ այս արդյունքը հնարավոր է դարձել շնորհիվ ձեր առաջնորդության, տնտեսական ինտեգրման նոր մոտեցման և տարածաշրջանային համագործակցության»։
Պաշտոնյաները հայտնել են, որ արդեն սկսվել են ներդրումային բանակցություններ՝ կապված Կոնգոյի արևելքի հարստությունների շահագործման հետ։ Մ23 խմբավորումը, որն ըստ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի փորձագետների, ռազմական աջակցություն է ստանում Ռուանդայից, հունվարին գրավել էր Գոմա քաղաքը, իսկ փետրվարին՝ Բուկավուն։ Այս հարձակումների արդյունքում զոհվել են հազարավոր մարդիկ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)