hetq.am: 2015թ․
2015թ մարտի 4-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահանում է 54-ամյա Մարիետա Վասիլյանը: Վիրահատության ժամանակ վիրաբույժը՝ Լևոն Հակոբյանը, էլեկտրական դանակով վնասել է հիվանդի աղիքը, ինչի հետևանքով կղանքի մասերը լցվել են փորի մեջ՝ առաջացնելով օրգանիզմի թունավորում, որից և սկսել է սեպսիս (արյան վարակ): Հարազատները նշում են, որ վիրաբույժը «խոստովանել է», որ էլեկտրական դանակի վնասումից հետո է օրգանիզմը թունավորվել, սակայն մահվանից ընդամենը կես տարի անց փորձագիտական հանձնաժողովը հայտարարել է, որ «աղիների ծակվելու իրական պատճառը անհնար է պարզել»:
Աղբյուրը՝ armlur.am
2016թ․
2016թ հունվարի 20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է ծննդկան Արաքսյա Դանիելյանը, ում մոտ նախնական «Հարբուխ» է ախտորոշվել:
Քննչական կոմիտեից հայտնել են՝ բժիշկ «Անդրանիկ Պապոյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում միայն 3-րդ օրն է կինը ենթարկվել ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում ախտորոշվել է «Երկկողմանի սուր թոքաբորբ», որից հետո Ա. Դանիելյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, իսկ այնտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ստացիոնար բուժման, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է»:
Աղբյուրը՝ pastinfo.am
2017թ․
57-ամյա Արմեն Ադամյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց: Նրա մայրը նշում է, որ որդու մահը վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի և բժիշկ Լևոն Առլովի ցուցաբերած ոչ պատշաճ մասնագիտական գործողությունների պատճառով էր, ինչի հետևանքով որդին մահացել է: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը armtimes.com -ին հայտնել է, որ «այն, ինչ-որ իրենք են հայտնաբերել, բուժման ենթակա չէր»:
Աղբյուրը՝ armtimes.com
2018թ
2018թ հունվարի վերջին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 19-ամյա ծննդկան Լիլիթ Խոսրովյանը: հարազատների պնդմամբ՝ աղջկա մահը վերջինիս բժիշկ՝ Դավիթ Աբովյանի անփութության պատճառով է: Բժիշկը չի արել կեսարյան հատում, ինչպես նախօրոք ասել էր, իսկ ծննդաբերությունից հետո վատ վիճակում՝ ցավերով և ջերմությամբ դուրս է գրել հիվանդին՝ վստահեցնելով, որ «մտահոգվելու առիթ չկա»: Սակայն Լիլիթի վիճակը կտրուկ վատացել է, նորից բերել են «Էրեբունի» ԲԿ, վիրահատել են, հեռացրել՝ արգանդը, սակայն նա մահացել է:
Ծննդկանի բժիշկ Դավիթ Աբովյանը factor.am-ին հայտնել է, որ «իր համար հասկանալի են մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքները. «Իրենք երեխա են կորցրել և ինչ-որ մեկին պետք է մեղադրեն»»:
Հավելենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը մոտ 9 տարի առաջ հեռացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնից, քանի որ իր «բժշկական սխալի» պատճառով նորածին էր մահացել:
Աղբյուրը՝ factor.am
2019թ․
2019թ. օգոստոսի 1-ին եւ 2-ին Վեդիի ծննդատանը մահացել են 29–ամյա ծննդկան Քնարիկ Մանուկյանը և նրա նորածինը։ Բժիշկների խորհրդով՝ Ք. Մանուկյանն ինքնուրույն էր ծննդաբերել արդեն մահացած երեխային, որից հետո սկսվել էր արյունահոսություն։ Ժամեր անց մահացել էր նաև Քնարիկը:
Վեդիի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթևոսյանը, ով ներկա է եղել ծննդաբերության պրոցեսի ժամանակ, news.am-ին հայտնել է, որ «իրենք նվիրված են մասնագիտությանը», և իրենց ծննդատան ցուցանիշները «լավագույնն են». «Մենք չենք ասում՝ մենք անմեղ ենք, բայց վերևը Աստված, մենք արել ենք մարզային հնարավորությունների վերին սահմանում»,-հայտնել է նա:
Աղբյուրը՝ news.am
Սրանք ընդադմենը մամուլում հրապարակված մի քանի դեպքեր են:
«Հետք»-ն ուսումնասիրել է առողջապահական ոլորտին առնչվող քրեական գործերը, որոնց գերակշիռ մասը` 95% վերաբերում է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածին, այն է՝ բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որը նաև հանգեցրել է հիվանդի մահվան:
Հոդված 130
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Վերջին 5 տարիների ընթացքում բժշկական սխալի մասով հարուցված քրեական գործերի թիվն աճում է․ 2015թ համեմատ 2019թ. դրանց թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 113-ի:
ՔՕ 130-րդ հոդվածով հարուցված քրեական գործերում գերակշռում են բժշկական սխալի հետևանքով հիվանդի մահվան դեպքերը: Մասնավորապես, նույն հոդվածով հարուցված 430 քրեական գործից 322-ը դեպքը, այսինքն՝ 75 %-ը վերաբերում է բժշկի մեղքով առաջացած հիվանդի մահվան: Մնացածները՝ բժշկական սխալի հետևանքով հիվանդի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելուն:
2015-2019թթ հարուցվել է նաև 4 քրեական գործ՝ ՔՕ 130պ1՝ մասով՝ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև՝ ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, որոնցից 3-ը կարճվել են, 1-ը գնացել է դատարան։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)