tert.am։ Ամերիկացի դիվանագետներն օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար հայտարարության նախագիծ են պատրաստել՝ կապված ուկրաինական Burisma գազային ընկերության նկատմամբ հետաքննություն անցկացնելու Կիևի հանձնառության հետ, որի ղեկավարների թվում էր նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդին՝ Հանթերը, գրում է The New York Times պարբերականը:
Նշվում է, որ հայտարարության նախագիծը կազմել են ԵՄ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդը և Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերը:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ փաստաթղթի մասին հայտնի է եղել ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին։
Ընդ որում, թերթն ընդգծում է, որ հայտնի չէ՝ արդյոք նախագծին անձամբ ծանոթացել է Զելենսկին:
Ինչպես ընդգծել են NYT-ի զրուցակիցները, հայտարարության գաղափարն այն էր, որ թույլ չեն տա ուկրաինացի քաղաքական գործիչներին ամերիկացի դիվանագետներին փակ դռների հետևում խոստումներ տալ, իսկ հետո գործն ավարտին չհասցնել:
comment.count (0)