Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է «պատրաստ լինել կանխարգելիչ քայլերի» |civilnet.am|
09:47 - 15 հոկտեմբերի, 2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է «պատրաստ լինել կանխարգելիչ քայլերի» |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերին հրահանգել է զորքերի «մարտունակությունը պահել» բարձր մակարդակի վրա, որպեսզի կանխեն «ռևանշիստական ​​ուժերի սադրանքները», քանի դեռ Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները շոշափելի արդյունք չեն տալիս։

Հասանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել է բարձրաստիճան զինվորականների հետ, որի ընթացքում զորքերին հանձնարարել է «պահպանել մարտունակությունը մշտական ​​բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը, ինչպես նաև պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ռևանշիստական ուժերի ​​բոլոր հնարավոր սադրանքների դեմ պայմանական սահմանին»։

Այս հանձնարարականը տրվում է այն բանից հետո, երբ Ադրբեջանն ավելի վճռական սկսեց պահանջել հեռացնելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից։ Այն քաղաքացիական դիտորդական առաքելություն է և տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Անցած շաբաթ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները ԵՄ դիտորդներին մեղադրեցին «հետախուզական տվյալներ հավաքելու» և «սադրանքներ նախապատրաստելու» մեջ։

Նախարարը նման հրահանգ է տալիս նաև այն ժամանակ, երբ խաղաղության գործընթացը, կարծես թե, մտել է փակուղի, այն բանից հետո, երբ Ադրբեջանը մերժեց Հայաստանի առաջարկը՝ ստորագրելու միջանկյալ պայմանագիր այն կետերի հիման վրա, որոնք երկու կողմերն արդեն համաձայնեցրել են, չնայած այս տարվա սկզբին Հայաստանը նման առաջարկ արդեն արել էր:

Երկուշաբթի երեկոյան Հայաստանի խորհրդարանի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Ադրբեջանը «վերջին պահին» հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նրա գործընկեր Սահիբա Գաֆարովան պետք է այս շաբաթ Ժնևում հանդիպեին Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում։

Նրանք նախկինում երկու անգամ հանդիպել են։

Անցյալ շաբաթ Հասանովն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, թե «թիվ մեկ առաջնահերթությունը մեր ռազմական հզորության բարձրացումն է», և որ «ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում»։

Իր ելույթում Ալիևը նաև մեղադրել է «արևմտյան պետություններին» Հայաստանին զինելու համար՝ ասելով, թե նրանք պետք է «նկատի ունենան, որ իրենք են անմիջական պատասխանատվություն կրելու հետագա բոլոր զարգացումների համար»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել