ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:
Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության ամենաարդյունավետ գործիքներից մեկը՝ հաշվի առնելով երկրում ոլորտի առկա ներուժը:
Այս համատեքստում անդրադարձել է Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությանը՝ թվային փոխակերպման քաղաքականության, կիբեռանվտանգության և ՀՀ-ում եվրոպական տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ներգրավման հնարավորություններին՝ կարևորելով նիդերլանդական հարուստ փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև արդեն իսկ հաջողած երկուստեք փոխգործակցությունն ու Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը:
Դեսպանն իր հերթին ներկայացրել է փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության վերաբերյալ մոտեցումների, տեխնիկական զարգացման ներկա պայմաններում ռիսկերի նվազեցման, թվային փոխակերպման, ինչպես նաև ստարտափների էկոհամակարգի զարգացմանն ուղղված քաղաքականությանն ու մեխանիզմներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ:
comment.count (0)